Բաժին. Տնտեսական

Երևանում կբացվի Քարֆուր ցանցի երկրորդ հիպերմարկետը

Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում Երևանում կբացվի «Քարֆուր» ցանցի երկրորդ հիպերմարկետը: Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանում ֆրանսիական ներդրումները կավելանան: «Ֆրանսիական ներդրողներն իրենց հետ բերում են ոչ միայն ներդրումներ, այլև հմտություն, էթիկա, հասարակական պատասխանատվություն: Հույս ունենք, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական և դիվանագիտական իրողությունների շնորհիվ ներդրումները կավելանան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում կանցկացվի նաև բիզնես համաժողով, որի շրջանակներում մի շարք ֆրանսիական կազմակերպություններ կգան Հայաստան:

Երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը տեղակայված է լինելու Տիգրան Մեծ փողոցում՝ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ:

Ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութը Երևանում պաշտոնապես բացվեց 2015թ. մարտի 11-ին՝ «Երևան Մոլ»-ում։

Share