Բաժին. Տնտեսական

ՀՀ երկու օդանավակայաններում սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ ուղևորահոսքն աճել է 9.3%-ով

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 278,719 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9.3 տոկոսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից,  2018թ. սեպտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.1 տոկոսով.

Եթե 2017թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 245,363 ուղևոր, ապա 2018թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 262 815 ուղևոր:

2018 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15,904 մարդ: 2017 թվականի նույն ամսվա  9,646 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 65 տոկոս:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2,151,718 մարդ, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9.9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Share