Բաժին. Տնտեսական

Նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 1041-ով ավել գործարք

Անշարժ գույքի շուկայում Հայաստանում առքուվաճառքի զգալի ավելացում է արձանագրվել: Անշարժ գույքի գործակալություններն այդ արդյունքը հիմնականում վերագրում են հեղափոխությանը. արտերկրից շատ հայեր են գալիս և բնակարաններ գնում այստեղ: Հատկապես բնակարանների առքուվաճառքի ավելացմանը նպաստել է հիփոթեքային հարկ վճարողների համար եկամտահարկի վերադարձի օրենսդրական հնարավորությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը նման ակտիվությունը կապեց տնտեսական աշխուժությամբ:

«Գործարքների քանակի աճ սկսել ենք արձանագրել 2018թ.-ի հունվարից: Մայիս-հունիսից սկսած յուրաքանչյուր ամիս աճման տեմպերը ևս աճեցին: Մասնավորապես, եթե 2018-ի մայիսին 2017-ի մայիսի նկատմամբ աճը կազմել էր 11.7 տոկոս, ապա հունիսին այդ աճը եղել է  14.5 տոկոս: Իսկ արդեն հուլիսին գործարքների քանակի 22.2 տոկոս  աճ են արձանագրել: Բացի ընդհանուր գործարքների քանակի աճից, աճել են նաև օտարման, առուվաճառքի գործարքները: Մասնավորապես 2018-ի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ օտարման գործարքների քանակները աճել են 14.7 տոկոսով, հունիսին՝ 18.4 տոկոսով, իսկ հուլիսին աճը կազմել է 31.7 տոկոս:Աճի գործոնները տարբեր են՝ և պետության կողմից տարվող քաղաքականություն և անշարժ գույքի շուկայի մասնակիցների սպասումները: Հիփոթեքային հարկ վճարողների համար եկամտահարկի վերադարձը ևս խթանեց նորակառույց բնակարանների առքուվաճառքին»,-ասաց Պետրոսյանը:

Նա դժվարացավ աճի հիմնական պատճառը նշել, սակայն դրանք բազմատարր են: Մեծ պատճառ համարեց նաև տնտեսական ակտիվության ավելացումը, որի արդյունքում աճել է գնողունակ պահանջարկը: 2018-ի հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները զգալիորեն ավել են եղել 2017-ի հուլիսի 11,235 գործարքներից: Այս տարվա օգոստոսի անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13,858 գործարք` նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավել 1,041-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս տարի ամենաշատ գործարքներ իրականացվել են բազմաբնակարան շենքերի նկատմամբ: Մասնավորապես 2018-ի օգոստոսին ցուցանիշը եղել է 1,619՝ նախորդ տարվա նույն ժամանակի 1,355-ի համեմատ: Օգոստոսի ցուցանիշն աճել է նաև նախորդ ամսվա 1,599-ի համեմատ: Բնակելի տների առուվաճառքի զգալի ավելացում ևս նկատվում է:

Անշարժ գույքի գործակալություններից մեկի հիմնադիր տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը նշեց՝ անշարժ գույքի շուկայում ակտիվություն են նկատել դեռ այս տարվա սկզբից, սակայն ավելի ակտիվ՝ հեղափոխությունից հետո: «Արտերկրից են շատ գալիս, գնում բնակարաններ: Գալիս են Լիբանանից, Բելգիայից, Հոլանդիայից, նաև Անգլիայից»,-ասաց նա ու նկատեց՝ ընդ որում գնում են բավականին մեծ բնակարաններ:

Տնօրենը նշեց նաև՝ առքուվաճառքի գործարքների ավելացումը նաև պայմանավորված է եկամտահարկի վերադարձի որոշումով: Նորակառույց շենքերում են շատ բնակարաններ գնում:  (Նորակառույց և կառուցվող շենքերում բնակարան ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած վարձու աշխատողները կարողանում են դիմում գրել հարկային մարմնին և հետ ստանալ իրենց աշխատավարձից գանձվող եկամտահարկը: Այդ գումարով նրանք կարողանում են վճարել վարկի ամսական տոկոսները): Շենքի հողային հարցերը դեռ չլուծած մեկ ամսում արդեն բնակարանների 70 տոկոսը վաճառված է լինում: Գոջաբաշյանը նկատեց նաև՝ պահանջարկի ավելացմամբ պայմանավորված գների աճ է նկատվում՝ 5-10 տոկոսով:

Գների աճի մասին փաստեց նաև Կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալը: «Յուրաքանչյուր ապրանքի գին պայմանավորված է պահանջարկ-առաջարկ փոխհարաբերությամբ, անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի աճը որպես հետևանք բերեց նրան, որ բնակարանների գներն աճեցին: Մասնավորապես Երևանում 2018-ի օգոստոսին արձանագրված գները նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ միջինն աճել են շուրջ 10 տոկոսով»,-ասաց Պետրոսյանն ու հավելեց՝ արձանագրել են կենտրոն վարչական շրջանում արձանագրել են ամենամեծ աճը՝ 15.7 տոկոս:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Երևանում կենտրոնում այս տարվա օգոստոսին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է 541 հազար 800 դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակի 452 հազար  800 դրամի համեմատ: Աճ է նկատվել  նաև նախորդ ամիսների նկատմամբ, մասնավորապես հուլիսին 1 քառ. մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կենտրոնում կազմել է 538 000 հազար դրամ: Նույն աճի ցուցանիշը նկատվել է նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում: Դավթաշենում այս տարվա օգոստոսին բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է 291 000 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ ավել 39 հազար 500 դրամով, նույն տարվա հուլիսի նկատմամբ այն ևս աճ է գրանցել:

Արման Պետրոսյանը նկատեց՝ մարզերում էլ ունենք աճի նույն միտումները՝ սակայն ոչ նույն տեմպերով: Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ մասնավորապես Արտաշատ քաղաքում 2018-ի օգոստոսին բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը կազմել է 103 հազար 500 դրամ՝ հուլիսի 102 100-ի համեմատ, իսկ Թալինում 2018-ի հունիսին 70 հազար 800 դրամ, հաջորդ ամիս ավելացել է՝ դառնալով 80 000 դրամ:

Պետրոսյանը շեշտեց՝ իրենց կանխատեսումներով աճը շարունակական է լինելու: Դա ուղղակիորեն կապված է տնտեսության հետ: Տնտեսությունը որքան աշխուժանում է, այնքան աշխուժանում են նաև անշարժ գույքի վարձակալության գործարքները:

Հարցին՝ առքուվաճառքի գների շարունակական աճը հնարավոր է արդյոք, որ իր հետ բերի նաև բացասական հետևանքներ, նշեց՝ շուկան կկարգավորի: Երբ պահանջարկն այնքան կավելանա, որ գները կսկսեն աճել, առաջարկը կմեծանա, կակտիվանա շինարարության շուկան, տնտեսության այդ ճյուղը կակտիվանա և առաջարկի ավելացումը կկարգավորվի գները: Շուկան համապատասխանորեն կարձագանքի իրավիճակին:

Աննա Գրիգորյան

Share