Categories: Տնտեսական

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կարի ձեռնարկություն բացվեց

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում բացվեց կարի ձեռնարկություն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`միջոցառումը տեղի է ունենում Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակի շրջանակում:

Նիկոլ Փաշինյանի դիմավորեցին երգ ու պարով, աղ ու հացով:

Ձեռնարկության բացմանը ներկա է նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյաննը:

Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց. «Հույս ունեմ, որ այս արտադրամասը կզարգանա և կկազմակերպի արտահանում, կստեղծվեն նոր աշխատատեղեր: Որքան մեծ լինի արտադրամասի շահույթը, այնքան մեծ օգուտներ կքաղի համայնքը, տեղի բնակիչները, ինչպես նաև՝ պետությունը»:

Նիկոլ Փաշինյանը ձեռնարկությունից ոչ հեռու հավերժության եղևնի տնկեց:

Ագարակի կարի արտադրամասում աշխատում է 18 հոգի, արտադրվում է սպիտակեղեն, որը նպատակ ունեն իրացնել հայկական շուկայում: Շենքի կողքին կառուցվում է մեկ ուրիշը, որտեղ նախատեսվում է ունենալ մինչև 100 աշխատող:

Ագարակ գյուղի վերածննդի 10-ամյակին նվիրված միջոցառումներին ներկա է նաև փորձարկիչ տիեզերագնաց, ՌԴ հերոս Անտոն Շկապլերովը: Տիեզերագնացը Հայաստան է ժամանել պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի հրավերով: Միջոցառման ընթացքում նա դրոշները հանդիսավոր կերպով հանձնելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերք ուղարկելու նախաձեռնությունը պատկանում է բարերար Հրաչյա Պողոսյանին: Այս տարի նշվող Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ նրա գլխավորած բարեգործական հիմնադրամի ջանքերով Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկերի օծում, «Արարատ-73» նոր հրապարակի հանդիսավոր բացում, իսկ Ագարակի միջնակարգ դպրոցում կբացվի ռոբոտաշինության դասարան, որը կրելու է առաջին տիեզերագնաց, ԽՍՀՄ հերոս Յուրի Գագարինի անունը: Դասարանում բացվի նաև Յու.Գագարինի կիսանդրին:

Share