Բաժին. Տնտեսական

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը խթանում է երկու երկրների գործարար կապերի զարգացումը

Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հիմնական առաքելությունը  Հայաստան-Ֆրանսիա գործարար կապերի ամրապնդումն է և զարգացումը : «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանկոֆոնիայի  ավանի «Ֆրանսիայի տաղավար»-ում  այս մասին նշեց Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Աննա Եվդոկիմովան:

«Կարծում եմ, որ Ֆրանկոֆոնիան կնպաստի հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացմանը և ֆրանսիական փորձի ինտեգրմանը Հայաստանում»,- ասաց Եվդոկիմովան:

Խոսելով պալատի գործունեության մասին՝ Եվդոկիմովան հավելեց, որ պալատը խթանում է նոր պայմանագրերի կնքման և  համագործակցության  հնարավորությունները:

«Մենք ունենք անդամ ընկերություններ, որոնք օգտվում են մեր համագործակցելու առավելություններից: Մեզ մոտ կա ծրագրերի փաթեթ յուրաքանչյուր անդամի համար, կազմակերպում ենք գործարար խնջույքներ, հանդիպումներ, ցուցահանդեսներ, համաժողովներ, խորհրդատվական ծառայություններ մատուցում մեր հետ կապ հաստատող  և մեր անդամ հանդիսացող ընկերությունների հետ»,- եզրափակեց Եվդոկիմովան:

 Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է  ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները:

Share