Բաժին. Տնտեսական

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի տնտեսական ֆորումի մասնակիցները՝ «ԴիջիԹեք էքսպոյում»

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում վաղը՝ հոկտեմբերի 10-ին մեկնարկող տնտեսական ֆորումի մասնակիցներն այսօր այցելել են «ԴիջիԹեք էքսպո» ցուցահանդեսային համալիր։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանի ուղեկցությամբ ֆրանկոֆոն երկրներից ժամանած հյուրերի խումբը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթանալով Հայաստանի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները ներկայացնող ընկերությունների գործունեությանը և արտադրանքին։

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցի ժամանակ փոխնախարար Մանե Ադամյանն ընդգծել է, որ տնտեսական ֆորումի մասնակիցների այցը «ԴիջիԹեք էքսպո» կազմակերպվել է հատուկ նպատակով, որպեսզի հյուրերը հնարավորություն ունենան անձամբ ծանոթանալու տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ներուժին։ Նա նշել է, որ տնտեսական ֆորումի մասնակիցները թվով 400 են, որոնցից 50-ը՝ Հայաստանից։ Մանե Ադամյանը տեղեկացրել է լրագրողներին, որ անչափ ուրախ է տեսնել տնտեսական ֆորումի մասնակիցների թվում ֆրանսիացի գյուտարար, ինտերնետի հայրերից մեկին՝ Լուի Պուզանին, ով լինելու է տնտեսական ֆորումի բանախոսներից մեկը։

Լուի Պուզանն իր հերթին խոստովանել է, որ տպավորված է հայկական ընկերությունների աշխատանքով, մասնավորապես նրան հաճելիորեն զարմացրել են հայկական ընկերությունների՝ ապագայի նկատմամբ ունեցած տեսլականը և աշխարհին համահունչ քայլելու ձգտումը։ Ցուցահանդեսի հյուրերին հատկապես զարմացրել է հայ աշակերտների ստեղծարար միտքը։

Տնտեսական ֆորումի հյուրերն այսօր այցելել են նաև «Արարատ» կոնյակի գործարան և «Արմենիա վայն» գործարան, որտեղ շրջայց են կատարել և համտեսել հայկական կոնյակն ու գինին։

Share