Բաժին. Տնտեսական

«Գուոմինգ» ընկերության հետ քննարկվել են ներդրումային հնարավորությունները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներիի նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչներին։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում ընդգրկված ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությամբ, մասնավորապես ալյումինե կահույքի արտադրության ոլորտում։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվության վարչությունից։ Տիգրան Խաչատրյանը գործարարներին է ներկայացրել Հայաստանի տնտեսության կառուցվածքը, ներդրումային և գործարար միջավայրը, հարկային դաշտը, աշխատուժի առավելությունները, արտահանման լայն հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է հյուրերին, որ Հայաստանի կառավարությունը կսատարի ներդրումային ցանկացած նախաձեռնություն և կաջակցի ներդրողներին։

«Մենք բարձր ենք գնահատում չինացի ներդրողների հետաքրքրությունը Հայաստանում առկա պոտենցիալ ներդրումային ծրագրերի շուրջ։ Մենք արդեն իսկ ունենք չինական ներդրումներով իրականացված ծրագրեր, կան նաև իրականացման ընթացքում գտնվող ծրագրեր։ Լիահույս եմ, որ այս հանդիպումը և մեր հետագա համագործակցությունը ևս կհաջողի»։

«Գուոմինգ» ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մասնագետները ուսումնասիրություններ կկատարեն Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարերի շուրջ և կձեռնարկեն համապատասխան քայլեր։

Share