Բաժին. Տնտեսական

Տիգրան Սարգսյան․ «Եվրասիական շաբաթ» ֆորումի խնդիրներից է կոոպերացիայի զարգացումը

Երևանում հոկտեմբերի 22-ին մեկնարկած «Եվրասիական շաբաթ 2018» ֆորումին մասնակցում է աշխարհի ավելի քան 25 երկրի 2500-ից ավելի ներկայացուցիչ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ֆորումի  բացման խոսքում նշեց, որ արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին էլ մասնակցում է ավելի քան 120 ընկերություն:

«Ֆորումի աշխատանքները կազմակերպելու ընթացքում կարևորություն է տրվել իշխանությունների և բիզնեսի հարաբերությունների բարելավմանը: Կարևոր խնդիր է լինելու այս իմաստով կոոպերացիայի զարգացումն ու տնտեսության տարբեր ճյուղերում համագործակցությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով` Եվրասիական շաբաթվա շրջանակներում  քննարկվելու են տարբեր նախաձեռնություններ՝ ուղղված ոսկերչությանը, շինարարությանը,  ապրանքների թվային հետևելիությանը, խելացի քաղաքների տեխնոլոգիաներին և այլն: Կլինի նաև թվային ծրագրերի մրցույթի ամփոփում: 

«Պետք է նշել, որ կոոպերացիաների համատեղ գործունեությունը հանդիսանում է բոլոր ինտեգրացիոն գործընթացների հիմնական ուղղությունը: Մրցակցությունը լավագույնս ներկայացնում են Ավստրալիան և Նոր Զելանդիան, որոնք հանդես են գալիս որպես սուր մրցակիցներ  անասնաբուծության ոլորտում, իսկ այսօր արդեն ունեն համատեղ արտահանման ռազմավարություն, այն ինչը մենք չունենք»,-ընդգծեց Սարգսյանը:

Նա նշեց, որ  Եվրասիական շաբաթի ընթացքում անդրադարձ է կատարվելու նաև  Միության զարգացման ռազմավարությանը: «Այսօր արդեն հասունացել է համատեղ քաղաքականության իրականացման խնդիրը: Ամեն դեպքում, մենք անընդհատ առնչվելու ենք մեր գործունեության վերաբերյալ քննադատության հետ, իսկ վերացված խոչընդոտների փոխարեն կհայտնվեն նորերը»,-նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անունից մաղթեց մասնակիցներին արդյունավետ աշխատանք՝ համոզմունք հայտնելով, որ  մասնակիցների  բոլոր սպասումները կարդարանան:

Share