Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ մասնակից-երկրների նախարարներն այցելել են «Սինոփսիս Արմենիա» ընկերություն և Ինժեներական քաղաք

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի կապի և տեղեկատվայնացման նախարար Կոնստանտին Շուլգանի և Ղազախստանի Ինֆորմացիայի և հեռահաղորդակցության փոխնախարար Դարին Տույակովի հետ այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն։

Հյուրերին դիմավորեցին և շրջայցի ընթացքում ուղեկցեցին «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն ու «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը։

Նախարարները շրջել են գրասենյակային տարածքով, ծանոթացել աշխատանքային պայմաններին, իրականացվող աշխատանքների ուղղություններին։ Ներկայացվել է նաև «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտի աշխատանքը։

Ընկերությունը մի շարք առաջատար բուհերի հետ համագործակցությամբ անցկացնում է դասընթացներ` պատրաստելով միկրոէլեկտրոնիկայի մասնագիտություններով անհրաժեշտ կադրեր։ Ներկայում «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների 45 տոկոսը հենց այս կրթական դեպարտամենտի շրջանավարտներն են: Ընկերության մշակած կրթական ծրագրի փորձը ներդրված է աշխարհի շուրջ 1000 համալսարաններում:

Այնուհետև հյուրերն այցելել են Ջրվեժ թաղամասում կառուցվող Ինժեներական քաղաք:

Նրանք նախ ծանոթացել են «Ինժեներական քաղաք» նախագծին, նախատեսվող ենթակառուցվածքներին, ապա շրջել գրասենյակային տարածքով: Նախարարները եղել են «YEA Engineering» ընկերության գրասենյակում ու արտադրական մասում:

«YEA Engineering»-ը մատուցում է ամբողջական ինժեներական ծառայություններ՝ նախագծումից մինչև արտադրություն, այնպիսի ոլորտներում, ինչպիսին են մեքենաշինությունը, արդյունաբերական իրերի ինտերնետը (IIoT), անլար կապի համակարգերն ու կիսահաղորդիչների թեստավորումը:

Հյուրերը շրջել են նաև «National Instruments Armenia»-ի գրասենյակում: Ընկերության գործադիր տնօրեն Արսեն Առուստամյանը պատմել է մինչև այժմ ընկերության կողմից իրականացված խոշոր նախագծերի մասին, ցուցադրել Դեմո սենյակը:

Ցուցադրվել են ինքնավար մեքենայի ավտոմատ կառավարման համակարգի թեստավորման սարքավորումը, ընկերության մասնագետների մշակած 5G ստանդարտին համապատասխանող համակարգը, միկրոսխեմաների թեստավորման սարքը և այլ խոշոր նախագծեր: 

Ընկերությունը համագործակցում է նաև ուսումնական հաստատությունների հետ ամբողջ աշխարհում: «NI Հայաստանի» կրթական լաբորատորիաներն ու ստենդերը վաճառվել են բազմաթիվ երկրների մի շարք համալսարաններին, սակայն, ընկերության տնօրենի խոսքով, բարձր մակարդակի համագործակցություն դեռ չկա:

Հանդիպման ընթացքում հյուրերը քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ակտիվացման հնարավորությունները:

Share