Բաժին. Տնտեսական

Արա Աբրահամյանը Հայաստանում բիզնեսի մասնակցությամբ գիտական կենտրոն ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայաստանում բիզնեսի մասնակցությամբ գիտական կենտրոն ստեղծելու համար պատրաստվում է առաջին ֆինանսավորումներն անել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասաց Երևանում շարունակվող «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակում  կազմակերպված «Հեռանկարայի գիտական մշակումներ՝ միջազգային ճանաչում ունեցող գիտնականների մասնակցությամբ» կլոր սեղանի ժամանակ:

Ողջույնի խոսքում նա շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությունից եկած հայ գիտնականներին միջոցառմանը մասնակցելու համար և ընդգծեց, որ պետք է փորձել Հայաստանում բիզնեսի մասնակցությամբ գիտական կենտրոն ունենալ:

«Կենտրոնը բացելու համար սկզբնական ֆինանսավորումը ես կանեմ: Դա կլինի այսպես ասած յուրօրինակ գիտական բիզնես կենտրոն: Հայաստանի համար դա շատ կարևոր է և ռազմավարական նշանակություն ունի: Զարգացնելով մեր գիտությունը՝ մենք կզարգացնենք ոչ միայն մեզ, այլև մեր անվտանգությունը և այլ ոլորտներ»,- շեշտեց Աբրահամյանը:

Նա առաջարկ արեց նաև, որ այդ գիտական բիզնես կենտրոնում աշխատելու համար արտասահմանից գիտնականներ հրավիրվեն՝ օգտագործելով նաև սփյուռքի ներուժը:

Դիմելով գիտնականներին՝ Աբրահամյանն ասաց, որ այս գործի շուրջ նա 24  ժամ ունի իրենց լսելու համար:

«Գծենք ճանապարհային քարտեզ և հենց այսօրվանից էլ սկսենք»,- եզրափակեց ՌԴ հայերի միության նախագահը:

Share