Բաժին. Տնտեսական

Քննարկումներ՝ ԵՄ կողմից տրամադրվող GSP+ ծագման կանոնների իրականացման գործընթացի վերաբերյալ

ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համակարգի» (GSP+) շրջանակներում հոկտեմբերի 23-ից ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի են ունեցել եռօրյա աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ ԵՄ կողմից տրամադրվող արտոնյալ առևտրային համակարգի (GSP+) ծագման կանոնների իրականացման գործընթացի վերաբերյալ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվության վարչությունից։

Քննարկումներին մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի Հարկային և մաքսային միության գլխավոր տնօրինության (DG TAXUD) համապատասխան ներկայացուցիչները, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Ավագյանը, նախարարության Լիցենզավորման և թույլտվությունների գործակալության, Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության, ինչպես նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի աշխատակիցները:

Քննարկվել են ԵՄ արտոնությունների ընդհանրացված համակարգի «GSP+» ներքո ծագման կանոնների գործնական կիրառմանը, ապրանքների ծագման չափանիշներին, ծագման կանոնների հավաստիացմանը և «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) արտահանողների գրանցում և վարչական համագործակցություն իրականացնելու գործընթացներին առնչվող հարցեր:

Համառոտ տեղեկատվություն

2014թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունն օգտվում է ԵՄ կողմից կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար տրամադրվող նոր՝ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմից: «GSP+» առևտրային ռեժիմը հնարավորություն է ընձեռում ՀՀ-ին տեղական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգը» (REX):

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն:

Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար:

Share