Բաժին. Տնտեսական

Միքայել Մելքումյանը Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ պայմանագրի վերանայման անհրաժեշտություն է տեսնում

Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ պայմանագրի վերանայման անհրաժեշտություն կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նման տեսակետ հայտնեց ԱԺ գազ և էլեկտրաէներգիայի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հանձնաժողովի հերթական նիստում:

Մելքումյանը տրամադրեց հանձնաժողովի դիտարկումների արդյունքում նախնական տեղեկությունը:

«Գազի համակարգում իմ պատկերացմամբ  տխուր պատկեր է արձանագրվում։ Ցավոք, այն պայմանագիրը, որը կնքվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև, և ԱԺ-ն վավերացվել է 2013-ին, ինձ լավատեսություն չի ներշնչում: Դրանում և հետագա համաձայնագրերում արձանագրված են մի քանի դրույթներ կան, որ մտահոգիչ են։ Առաջինը  այսպես կոչված 9 տոկոսանոց ներքին եկամտաբերության նորմայի  պահանջն է, որով մինչև այս տարվա վերջ պահանջ կա մոդելային պայմանագիր կնքել։  Գազպրոմ Արմենիայի ողջ ներդրումների ծավալը ներքն եկամտաբերության ինը տոկոսանոց նորմայի շրջանակում պետք է արձանագրվի: Իսկ սա հանգեցնելու է սակագնի փոփոխության խնդրի։ Սա նշանակում է, որ երբ հունվարի մեկից այլևս նոր պայմաններ են առաջ գալու»,-ասաց Մելքումյանն ու շեշտեց՝ Հայաստանը , մեր իշխանություններ պետք է բանակցելու բովանդակությունն այնպես ձևակերպեն, որը չտանի սակագնային քաղաքականության էլ ավելի լարման:

Մելքումյանը որպես երկրորդ անհանգստացնող հանգամանք  նշեց տարբեր համաձայնագրերով ամրագրված այն դրույթը, որ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը  պետք է պահպանվի։ Նրա համոզմամբ՝ առաջիկայում, երբ կսկսվեն ծանր բանակցություններ գազի սակագնի սահմանման համար, իմ նշած դրույթները պետք է վերանայվեն: Մելքումյանի կարծիքով՝ գազի գործող սակագնի ծանր բեռն ընկած է ազգաբնակչության վրա: Նա նշեց, որ Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ պայմանագիրը խնդիրներ է առաջացրել, և ժամանակն է դրանք վերանայել։

Անդրադառնալով ՀԷՑ-ի գործունեությանը՝ Մելքումյանը նշեց, որ ընկերության շահութաբերությունը հարկերը ներառյալ 17 տոկոս է, հարկերը չներառված՝ 14 տոկոս, կորուստները՝ 11.02 տոկոս։ Ըստ տարիների՝ այդ կորուստների չափը նախատեսում է իջեցնել մինչև 6 տոկոսի։ «Մենք պետք է քննարկենք ներքին կշռված սակագների սահմանման խնդիրը, որն արտադրողից է գալիս։ Միաժամանակ, ինչքան մեծացնենք Իրանից եկող գազի ծավալները, այն այնքան ավելի բարերար ազդեցություն է ունենալու էլեկտրաէներգիայի սակագնի վրա»,- եզրափակեց Միքայել Մելքումյանը։

Share