Տնտեսական ակտիվության այն ցուցանիշը կամ տնտեսական աճի այն կառուցվածքը, որ երկար տարիներ արդեն գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում ընդունելի չէ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանն ունեցած ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ ՀՀ-ում տիրող տնտեսական վիճակին: «Մեր տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող, այսինքն՝ ընդերքը քանդող և արտահանող, ագրարային և, ըստ էության, խաղադրույքներ իրականացնող երկիր է, ինչը որևէ կերպ ընդունելի չէ: Օրինակ, եկեք դիտարկենք, թե ի՞նչ տեղի ունեցավ հունիս ամսին, երբ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն աննախադեպ բարձր թվի հասավ՝ 11.1 տոկոսի: Տեղի էր ունեցել հետևյալը՝ տեղի էր ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, և պարզվում է, որ մեր ժողովուրդը զանգվածաբար զբաղված էր խաղադրույք կատարելով: Այս ցուցանիշները մեր վիճակագրական ծառայության մեջ արձանագրվեցին որպես ծառայությունների շեշտակի աճ, և մեկ ամսվա ընթացքում մենք մոտավորապես 5 տոկոսի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ ունեցանք միայն խաղադրույքներ կատարելու արդյունքում: Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մեր հարկային օրենսդրությամբ պետական եկամուտները սրանից չաճեց, որովհետև մեր օրենսդրությամբ այս ոլորտը հարկվում է հաստատագրված վճարներով: Այսինքն, միանվագ վճարում է կատարվում, և կապ չունի, թե որքանով են ցուցանիշներն աճում կամ նվազում, դրանից մեր հարկային եկամուտները չեն ավելանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ կոմպոնենտը, որ ձևավորում է Հայաստանի տնտեսական աճը, հանքարդյունաբերությունն է, որը մշտապես արտահանման և արտադրության հենասյուներից մեկն է եղել: «Մենք, ըստ էության, էլի որևէ տնտեսական քաղաքականությունից անկախ, իրականացրել ենք դա: Եթե մետաղների, մասնավորապես՝ պղնձի և մոլիբդենի միջազգային գները բարձր են եղել, մենք մեր ընդերքը քանդել և արտահանել ենք: Ընդ որում, շատ կարևոր եմ համարում ընդգծել՝ դա եղել է հիմնականում խտանյութի տեսքով: Եվ, ըստ էության, դրանից ավելացված արժեք չի ստեղծվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով սեպտեմբերին տնտեսական աճի ակտիվության անկմանը՝ Փաշինյանը շեշտեց, որ այդ անկումը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: «Այս ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել հետևյալը, որ Թեղուտի հանքը մեր արտահանման և արտադրության հենասյունն էր, ուղղակի փակվել է: Ես չեմ համարել և չեմ համարում, որ դա պոզիտիվ հենարան էր: Իսկ ինչո՞ւ է փակվել, որովհետև և տնտեսական, և ինժեներական, և կառավարման բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Մեր տնտեսության ամենամեծ խնդիրների մեկն այն է, որ մեր երկրում մի ընկերության վիճակը, մի ընկերության գործունեությունը կարող է մեր տնտեսական ցուցանիշներում տատանումների բերել»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:
Հայաստանի տնտեսական աճը ձևավորող հաջորդ կոմպոնենտը գյուղատնտեսությունն է: Փաշինյանի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ գյուղատնտեսության ոլորտում ևս մեծ անկում է արձանագրվել: «Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք այս տարվա 9 ամիսների ընթացքում 20 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Այսինքն, մեր երկրից այս տարի 20 տոկոսով ավել պտուղ-բանջարեղեն է արտահանվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Իսկ ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսության վիճակագրության հետ կապված կան լուրջ խնդիրներ, որ որևէ մեկը չի կարողանում վստահ պնդել, որ այն թվերը, որոնք ներկայացվում են գյուղատնտեսության ոլորտում իրականությանը համապատասխանում են: Որովհետև մենք ունենք հավելագրումների բազմաթիվ մեխանիզմներ: Ես կառավարության նիստերից մեկի ժամանակ ասել եմ, որ մեր երկրում կա այնպիսի զարմանալի երևույթ, ինչպիսին է ստվերային այգին: Մեր երկրում կան հեկտարներով ստվերային այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որպեսզի դրա համար հարկեր չվճարվեն: Եվ սա է պատճառը, որ երբ մենք ամեն տարի պլանավորում ենք ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ այդ անհրաժեշտ ծավալներն արդեն սպառվել են, և ոչ մեկ չի կարողանում բացատրել, թե որտեղ է գնացել այն ջրի քանակը, որը ըստ նախնական հաշվարկների մեզ պետք է լիովին բավարարեր: Եվ կա հակառակ երևույթը՝ հավելագրումներ: Հավելագրումները հիմնականում կապված են կոնյակի արտադրության հետ: Դուք գիտեք, որ հայկական կոնյակը բրենդ է, բայց, ցավոք, Հայաստանում դեռևս կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ: Ներկրվում է սպիրտ այլ տեղերից, և, որպեսզի դա ներկայացվի որպես հայկական կոնյակ, ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ: Այսպիսով` մենք ունենում ենք թվերի անհամապատասխանություններ: Այս տարի մենք այդ ամենի նկատմամբ ավելի խիստ ենք եղել, և այդ հավելագրումների մեխանիզմը բավարար չափով չի աշխատել: Նաև դա է պատճառը, որ մենք լուրջ անկում ունենք գյուղատնտեսության մեջ: Արարատի մարզում իմ անցկացրած խորհրդակցության արդյունքներով էլ պարզվեց, որ մենք, ցավոք, ճիշտ չենք պլանավորում, թե ինչ պետք է մթերվի, ինչ արտահանվի, ինչ ցանվի, ինչպիսի ռիսկեր կան վնասատուների, եղանակի հետ կապված: Մեր գյուղատնտեսությունն ընդհանուր առմամբ շարունակում է չհամապատասխանել ժամանակակից պահանջներին և տեխնոլոգիաների, և ոռոգման ջրի խնայողությունների, և վնասատուների առումով: Այս առումով մեզ համար ամենամեծ մարտահրավերը հաջորդ տարվա պլանավորումն է»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ կա նաև պետական բյուջեի ծախսային մասի թերակատարման խնդիր: «Այսինքն, մենք այս տարի հեղափոխությունից հետո բյուջեի ծախսային մասը թերակատարման ռեժիմով ենք գնում: Սրա պատճառը շատ կոնկրետ է և կապված է կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքական գծի հետ, որովհետև բազմաթիվ ծրագրեր մեր կարծիքով իրականացում են ոչ պատշաճ մակարդակով, ոչ արդյունավետ, և կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքականությունը ստիպել է ծրագրեր իրականացնողներին և կառավարությանը ամեն ծրագրի վերաբերվել առանձնակի ուշադրությամբ, ինչը, իհարկե, որոշակիորեն զսպում է ծախսային մասը, ինչը իր հետ բերում է որոշակի տնտեսական էֆեկտի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: