Բաժին. Տնտեսական

Հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարակատուներից համախառն հավաքագրումների ծավալը աճել է 16.1%-ով

2018 թվականի 9 ամիսների կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացված հավաքագրումների գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10.1 տոկոսով՝ կազմելով 919.6 մլրդ դրամ: Հարկային մուտքերի կառուցվածքում արձանագրված փոփոխությունները վկայում են  հարկային վարչարարության մեջ տեղի ունեցած էական փոփոխությունների մասին:

Մասնավորապես, ՊԵԿ կողմից հրապարակված 2018 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարակատուներից համախառն հավաքագրումների ծավալը աճել է 16.1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 579 մլրդ դրամի փոխարեն կազմելով ավելի քան 672 մլրդ դրամ:

Խոշոր հարկատուներից կատարված հավաքագրումների աճի շնորհիվ ընդհանուր հարկային մուտքերում դրանց տեսակարար կշիռը զգալիորեն ավելացել է։ Այսպես, եթե  1000 խոշոր հարկ վճարողների տեսակարար կշիռը ընդհանուրի մեջ 2017թ.-ի երկրորդ և երրորդ եռամսյակներում կազմել է համապատասխանաբար 68.9 և 69.3 տոկոս, ապա 2018 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներում այս ցուցանիշը կտրուկ ավելացել է՝ հասնելով համապատասխանաբար 74.2 և 73.1 տոկոսի։

Արդյունքում կարելի է եզրակացնել, որ հավաքագրված հարկերի աճը հիմնականում տեղի է ունեցել ոչ թե փոքր և միջին ձեռնարկություններից հարկային գանձումների մեծացման հաշվին, այլ խոշոր հարկատուների շրջանում հարկային վարչարարության բարելավման (այսինքն՝ ստվերի կրճատման) շնորհիվ: Ինչպես նշում է  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ վերջին շրջանում տնտեսության մեջ ստվերի կրճատում հնարավոր է եղել ապահովել հարկային վարչարարության բարելավման և քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման հաշվին:

Հարկ է նաև նշել, որ վերջին շրջանում բավականին քննադատություններ էին հնչում ՊԵԿ գործունեության, առավելապես խիստ վարչարարության վերաբերյալ՝ հատկապես ՓՄՁ ոլորտում։ Սակայն, վիճակագրական տվյալները փաստում են հակառակը։ 2018 թվականի երկրորդ եռամսյակում ՓՄՁ հարկերի տեսակարար կշիռը կազմել է 25.8 տոկոս՝ 2018 թվականի առաջին եռամսյակի 34.1 տոկոսի համեմատ։

Այս համատեքստում կարևոր նախաձեռնություն են Հարկային օրենսգրքում նախատեսվող բարեփոխումները, որոնցից մեկը պետք է լինի մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացումը։ Այն հնարավորություն կտա փոքր ձեռներեցությամբ զբաղվող կազմակերպություններին դիրքավորվել շուկայում՝ ազատվելով հարկային խիստ վարչարարությունից։

Ակնհայտ է, որ հարկային վարչարարության բարելավման արդյունքում խոշոր հարկատուները սկսել են համեմատաբար ավելի թափանցիկ գործունեություն իրականացնել։ Գործարար միջավայրի «մեծ խաղացողների» վարքագծի նման դրսևորումը կապված է հարկային մարմինների կոշտ վարչարարության հետ, սակայն այն, ինքնին, լրացուցիչ ռիսկեր է առաջ բերում. տնտեսական արդյունքը հիմնականում ստեղծվում է խոշոր խաղացողների կողմից, արդյունքում նրանց նկատմամբ իրականացվող խիստ վարչարարությունն իր անցանկալի հետևանքները կունենա տնտեսական ակտիվության վրա, բացի այդ, վերջիններիս շահույթի նվազեցումը կհանգեցնի նաև իրենց կողմից կատարվելիք ներդրումների նվազեցմանը։

Վերջին տարիներին հարկային դաշտը կարգավորող օրենսդրական ակտերում շարունակական փոփոխությունները անորոշության մթնոլորտ են ստեղծում ինչպես  օտարերկյա, այնպես էլ հայաստանյան գործարար միջավայրի ներկայացուցիչների շրջանում։ Այս խնդրի հանգուցալուծման համար հարկ է մշակել հարկային բարեփոխումների ամբողջական փաթեթ, որը բոլոր խաղացողների համար երկարաժամկետում կապահովի կայուն միջավայր:

Մերի Հովսեփյան

Share