Բաժին. Տնտեսական

Ժնևում մեկնարկել է Հայաստանի առևտրային քաղաքականության երկրորդ վերաքննության լիագումար նիստը

Նոյեմբերի 20-ին՝ Ժնևում, Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարությունում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության երկրորդ վերաքննության լիագումար նիստը՝ ԱՀԿ Գլխավոր Խորհրդի նախագահ, դեսպան Յուհիկո Իհարայի նախագահությամբ:

Նիստին մասնակցում է Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ: Վերջինս հանդես է եկել բացման խոսքով և զեկույցով ներկայացրել ՀՀ առևտրային քաղաքականության զարգացումները:

Որպես հարակից զեկուցող հանդես է եկել ԱՀԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ, դեսպան Մայքլ Գեֆֆին:

Նիստի շրջանակներում ներկայացվել և քննարկվել է երկու փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերաբերյալ ԱՀԿ քարտուղարության կողմից պատրաստված զեկույցը և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատրաստված զեկույցը:

Լիագումար նիստին մասնակցում են ԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունները, ԱՀԿ քարտուղարության համապատասխան պաշտոնյաները, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների և մարմինների ներկայացուցիչները:

ՀՀ առևտրային քաղաքականության նկատմամբ ԱՀԿ անդամ երկրների կողմից ցուցաբերվել է մեծ հետաքրքրություն և առևտրային քաղաքականության երկրորդ վերաքննության զեկույցների ներկայացման ժամանակ ԱՀԿ 19 անդամ երկրների ներկայացուցիչներ (ԱՄՆ, ԵՄ, Ճապոնիա, Կանադա, Իսլանդիա, Չինաստան, Հնդկաստան, Վրաստան, Ուկրաինա, Թաիլանդ, Սինգապուր, Ղրղզստան, ՌԴ, Բրազիլիա, Ղազախստան, Պարագվայ, Ուրուգվայ, Տաջիկստան և Աֆղանստան) հանդես են եկել ելույթներով` ներկայացնելով Հայաստանի հետ իրենց առևտրային հարաբերությունների ներկա ընթացքը, զարգացման ուղղությունները, նկատառումները, դիրքորոշումները, ինչպես նաև ներկայացրել են հարցեր՝ ակնկալելով հայկական կողմի պարզաբանումները: Բոլոր նշված երկրների ներկայացուցիչները հատկապես նշում և կարևորում էին 2010թ.-ին կայացած ՀՀ առևտրային քաղաքականության առաջին զեկույցից հետո ոլորտում տեղի ունեցած զարգացումները:

Նոյեմբերի 22-ին նիստի աշխատանքը կշարունակվի և հայկական կողմը, ինչպես նաև ԱՀԿ քարտուղարության ներկայցուցիչներն ու ԱՀԿ անդամ երկրները հանդես կգան ամփոփիչ ելույթներով:

Լրացուցիչ տեղեկատվություն.

ՀՀ երկրորդ առևտրային քաղաքականության վերաքննության (ԱՔՎ) գործընթացը մեկնարկել է 2017թ. հոկտեմբերին և իրականացվել է գրեթե մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ԱՀԿ քարտուղարության հետ երկկողմ համաձայնեցված գործողությունների ժամանակացույցի:

Գործընթացի ընթացքում 2018թ. հունվարին և հունիսին ԱՀԿ քարտուղարության փորձագիտական առաքելությունները երկու փաստահավաք այցեր են կատարել Հայաստանի Հանրապետություն, որոնցից յուրաքանչյուրի ընթացքում տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ և հանդիպումներ ՀՀ պետական կառավարման մարմինների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Դրան նախորդել է ԱՀԿ քարտուղարության կողմից համապատասխան հարցաշարով պահանջվող անհրաժեշտ օրենսդրական, իրավական և ընթացակարգային փաթեթի տրամադրումը:

Նշյալ աշխատանքների արդյունքում ձևավորվել և ԱՀԿ կողմից սեպտեմբերի 25-ին պաշտոնական շրջանառվել է ՀՀ առևտրային քաղաքականության վերաքննության՝ ԱՀԿ քարտուղարության զեկույցը (WT/TPR/S/379):

Գրեթե բոլոր ՀՀ պետական կառավարման մարմինների մասնակցությամբ մեծածավալ աշխատանք է իրականացվել նաև հայկական կողմի զեկույցի պատրաստման ուղղությամբ, որի արդյունքում էլ ձևավորվել և ԱՀԿ քարտուղարության կողմից շրջանառվել է Հայաստանի Հանրապետության զեկույցը (WT/TPR/G/379):

Վերոնշյալ գործընթացի շրջանակներում, ԱՀԿ ընթացակարգերին համապատասխան, ԱՀԿ անդամ 11 երկրների կողմից (Իսլանդիա, Չինաստան, ԱՄՆ, Ճապոնիա, ԵՄ, Ուկրաինա, Թաիլանդ, Արգենտինա, Չիլի, Կանադա, Հնդկաստան) ստացվել էին 120-ից ավել հարցադրումներ` առևտրի կարգավորումների, ներքին շուկայի պաշտպանության, տեխնիկական խոչընդոտների կիրառման, հակագնագցման միջոցների, մտավոր սեփականության պաշտպանության, ստանդարտների, տեխնիկական կարգավորումների, հարկային և մաքսային ընթացակարգերի, սանիտարա-բուսասանիտարական հարցերի, պետական գնումների, բանկային համակարգի, գյուղատնտեսության և առևտրային քաղաքականության մի շարք այլ ոլորտների վերաբերյալ, որոնց հայկական կողմից տրվել են սպառիչ և հանգամանալից պատասխաններ:

Share