Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյանը վստահ է՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու հարցում պետությունը պետք է լինի առաջնորդողի դերում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կարծում է, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու հարցում պետությունը պետք է լինի ոչ թե հետևողի, այլ առաջնորդողի դերում: Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանն այս պահին չի ճանաչվում որպես տեխնոլոգիական երկիր, սակայն նկատեց, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու բոլոր հնարավորություններն առկա են: «Ներկա վիճակը իդեալական հող է արագ զարգացման համար, սակայն կարիք ունենք որակական փոփոխության: Պետությունն այլևս չպետք է լինի հետևողի դերում, այն պետք է լինի առաջնորդողի դերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ասաց նա:

Արշակյանը շեշտեց, որ նախարարությունն աջակցելու է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ինտենսիվ աճ արձանագրողներին: «Վերջին վեց ամիսների ընթացքում մենք երկու նոր ընկերություն ենք բերել Հայաստան, որոնք 30 միլիոնի ներդրում են անելու: Դրանք հայկական ծագման ընկերություններ են ԱՄՆ-ից: Այս ուղղությամբ նաև ստարտափերին արտոնություն տալու նոր օրինագիծն ենք թափ տվել»,-նշեց Արշակյանը:

«Մեր հիմնական ծրագրերը պետք է լինեն ազգային վենչուրային ներդրումային ծրագրի ստեղծումը, ինժեներական քաղաքի ծրագրի իրագործումը: Մարզերում տեխնոպարկերի աջակցությունն ու ստարտափերին հարկային արտոնությունների տրամադրումը ևս կարևոր է»,նշեց նախարարի պաշտոնակատարը:

Հակոբ Արշակյանի խոսքով՝ Հայաստանը պետք է կենտրոնանա տաղանդի արտահոսքի կասեցման և տաղանդի ներհոսք ապահովելու վրա: «Տաղանդը գնում է այնտեղ, որտեղ կա ապագայի տեխնոլոգիա, ինովացիա, գիտահետազոտություն: Ցանկացած երկիր տեխնոլոգիական զարգացումը սկսում է ծրագրային ապահովումից: Երկրորդ փուլում ծրագրային գործիքների փուլն է գալիս, երբ մարդիկ ստեղծում են հավելվածներ: Դրանից հետո համակարգչային ինտեգրացիան է, չորրորդ փուլում համակարգչային գործիքներն են: Հայաստանը մեծ հաշվով այս պահին գտնվում է համակարգչային ինտեգրացիայի շրջանակում»,-ասաց Արշակյանը՝ հավելելով, որ մեր երկիրը ծրագրային ապահովման փուլն արդեն անցել է:

Share