Բաժին. Տնտեսական

Քննարկվել են կորպորատիվ կառավարման զարգացման հիմնախնդիրները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Տնօրենների հայկական ինստիտուտի խորհրդի անդամների և Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի պատվիրակության հետ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Տնօրենների ասոցիացիաների եվրոպական կոնֆեդերացիայի ներկայացուցիչները նախարարի պաշտոնակատարի հետ զրույցում ներկայացրել են կազմակերպության գործունեությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կորպորատիվ կառավարման ինստիտուտի զարգացման հարցերը։ Տիգրան Խաչատրյանը, կարևորելով ինստիտուտի կայացումը Հայաստանում, նշել է, որ Կառավարությունը ևս պետք է աջակցի այդ հարցում՝ մասնավոր հատվածի իրազեկվածության բարձրացման և համապատասխան պահանջարկի զարգացման համատեքստում։

Կողմերը քննարկել են անկախ տնօրենների ինստիտուտի զարգացման միջազգային փորձը։ Մասնավորապես՝ նշվել է կրթական և սերտիֆիկացիոն ծրագրերի ներդրման, պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում կորպորատիվ կառավարմանն ավելի մեծ ուշադրություն դարձնելու հարցերի կարևորությունը։ Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են երկարաժամկետ հատվածում ինստիտուտի ներդրման կարևորությունը՝ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման նպատակով:

Share