Բաժին. Տնտեսական

Մի շարք ներդրողներ պատրաստվում են մեքենաշինական, հագուստի, վերելակի և այլ արտադրություն հիմնել

Մի շարք ներդրողներ պատրաստվում են Երևանում ու մարզերում մեքենաշինական, հագուստի, վերելակի և այլ արտադրություն հիմնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վանաձոր քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Երևանում «Հայէլեկտրո» գործարանի տարածքը մեր հայրենակից ներդրողն արդեն վերցրել է ու մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ։ Հայաստանում հիմնադրվելու է ֆոտովոլտային մարտկոցների արտադրություն։ Անհրաժեշտ սարքավորումներն արդեն առկա են, ու մնում է կառավարությունը տարածքը հատկացնի»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մարզերում կատարվելիք ներդրումներին։

«Արթիկում նախատեսվում է հագուստի արտադրամասի բացում, որը կունենա մոտ 200 աշխատատեղ. Գյումրիում դեկտեմբերին նման մեծ արտադրամաս կբացվի։ Նաև վերելակների արտադրություն է նախատեսվում։ Դեկտեմբերին Լոռիում գազի բալոնների նոր ժամանակակից արտադրություն է ստեղծվելու, հարյուրավոր աշխատատեղերով»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը նշեց, որ այդ միտումը պետք է վերափոխի Հայաստանի տնտեսության կառուցվածքը ու երկիրը դարձնի արդյունաբերական։ Ներդրումները խրախուսելու համար կառավարության ամենակարևոր քայլը հարկային օրենսդրության փոփոխությունն է։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։

Share