Բաժին. Տնտեսական

Հայաստանը պատրաստ է լիարժեք օգտագործել ՍԾՏՀ-ի ներուժը

Հայաստանը պատրաստ է լիարժեք օգտագործել ՍԾՏՀ և նրա կառույցների ներուժը՝ տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու և կազմակերպության նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) երևանյան նստաշրջանի  ընթացքում միջոցառման մասնակիցներին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ուղերձը ներկայացրեց նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

 «Հաճելի է Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը Հայաստանում հյուրընկալել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 25-րդ հոբելյանական տարում: 25 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան ի կատար ածել իրենց ժողովուրդների հույսերն ու սպասելիքները՝ հանուն բազմակարծիք ժողովրդավարության, որը հիմնված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, տնտեսական ազատականության և սոցիալական արդարության միջոցով բարգավաճման վրա: Նրանք հաստատեցին «իրենց վճռականությունը՝ օգտագործելու բոլոր հնարավորություններն ու կարողությունները մեր երկրների միջև բազմաթիվ ոլորտներում և տարբեր մակարդակներում համագործակցությունն ընդլայնելու և բազմապատկելու համար»: Այս հանձնառություններն ակնհայտորեն ուղղված են ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի նպատակները կյանքի կոչելուն և այսօր էլ մնում են արդիական: Մինչդեռ այդ նպատակներով առաջնորդվելու պակասը համագործակցությանը խոչընդոտող հիմնական գործոններից մեկն է»,-նկատել է Մնացականյանը:

 Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ կազմակերպության հռչակած նպատակներին: Նա շեշտել է, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի ժողովուրդը հզոր և լսելի ձայնով հաստատել է իր վճռականությունը՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների հանդեպ, օրենքի գերակայությունը, արդյունավետ կառավարումը, տնտեսական և սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների երաշխավորումը: «Իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Այս տեսանկյունից Հայաստանը պատրաստ է լիովին օգտագործել ՍԾՏՀ և նրա կառույցների ներուժը՝ տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու և մեր կազմակերպության կանոնակարգային նպատակների արդյունավետ իրականացումն առաջ մղելու ուղղությամբ»,-նշել է նա:

 Մնացականյանը ընդգծել է, որ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը՝ որպես ՍԾՏՀ միջխորհրդարանական խորհրդատվական կառույց, պետք է «աջակցի և նպաստի ՍԾՏՀ սկզբունքների և նպատակների իրականացմանը»: Նա համոզմունք է հայտնել, որ այս նպատակը պետք է շարունակի ուղղորդել ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի ապագա ջանքերն ապաքաղաքականացված, կառուցողական և ներառական կերպով՝ հիմնված իրավահավասար ինքնիշխանության սկզբունքի վրա:

 Մնացականյանի կարծիքով՝ ՍԾՏՀ գործունեությունը պետք է ներդաշնակեցվի միջազգային օրակարգի, հատկապես ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» հետ: Այս համատեքստում Հայաստանը կողմնակից է այսպիսի տնտեսական գործընկերությամբ շահագրգռված միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային այլ դերակատարների հետ ավելի սերտ համագործակցության հաստատմանը:

Share