Categories: Տնտեսական

Ակնկալվում է ՀԲ-ի աջակցությունը՝ Հայաստանում ներդրողների ներգրավման հարցում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին մասնավոր հատվածի ավագ մասնագետ Թոմաս Վիսը և գյուղատնտեսության ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման նպատակն էր քննարկել Համաշխարհային բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ (PPP) ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ Գեղամ Գևորգյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առկա մակարդակը։

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ PPP ձևաչափն առավել նպատակահարմար կարող է լինել առավել լայնածավալ և հանրային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման համար, միաժամանակ հնարավոր է համարել դրանց իրականացումը թռչնաբուծության ոլորտում, ինչպես նաև կաթի հավաքման կայանների, տնկարանների և գյուղմթերքի մեծածախ շուկաների ստեղծման հարցում՝ ակնկալելով Համաշխարհային բանկի աջակցությունը ներդրողների ներգրավման հարցում։

Թոմաս Վիսն իր խոսքում մասնավորապես կարևորել է ներդրողների համար գրավիչ ծրագրերի կազմմանը, իրավական դաշտի կանոնակարգմանը, բիզնես միջավայրին առնչվող և մի շարք այլ հարցեր։

Share