Բաժին. Տնտեսական

«Լուսավոր Հայաստանը» խոստանում է ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականություն

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի մի մասը քարոզարշավի մեկնարկին հրապարակել է իր նախընտրական ծրագիրը։ Դրանցից յուրաքանչյուրի տնտեսական դրույթները «Բիզնես 24»-ը հերթով ներկայացնում է ընթերցողին։

Ստորև կարող եք ծանոթանալ Լուսավոր Հայաստան» կուսակցության ծրագրի տնտեսական դրույթներին․ 

– Ներդրողի ընտրությամբ ներդրումների կատարման պահին կիրառվող հարկային ռեժիմի մինչև 3 տարի ժամկետով պահպանման օրենսդրական երաշխիքի ներդրում։

– Սահմանի վրա ԱԱՀ գանձման վերացում։

– Հարկային համակարգի երկարաժամկետ վստահության ամրապնդման և պարբերական փոփոխությունները նվազեցնելու նպատակով՝ Հարկային օրենսգրքին տալ Սահմանադրական օրենքի կարգավիճակ։

– Աշխատանքային հաշտարարի և գործարարների շահերի պաշտպանի ինստիտուտի ներդրում։

Տեղական դեղերի արտադրության՝ ԱԱՀ-ից ազատում։

– «Սկսիր Հայաստանում» սկսնակ բիզնեսներին պետական աջակցությամբ ծրագրի ներդրում (start up program)։

– Կապիտալի շուկայի ակտիվացման նպատակով արժեթղթեր թողարկող ընկերություններին հարկային արտոնության տրամադրում։

– Գյուղատնտեսական ոլորտում ապահովագրության համակարգի ներդրում։

– «Կանաչ» տնտեսության զարգացում, էկո ոլորտում ներդրումների խրախուսում, արտոնությունների տրամադրում։

Գյուղատնտեսական փոքր արտադրությունների խրախուսում, մասնավորապես՝ գինեգործության, պահածոյագործության ոլորտներում։

– Տարածքների համաչափ զարգացման նպատակով պետական բյուջեից համայքներին տրվող ֆինանսավորում ոչ միայն բնակչության թվի, այլև աղքատության և այլ գործոնների հաշվարկով։

– «Գյումրի քաղաքի մասին» օրենքի ընդունում՝ աղետի գոտու վերականգնման, աղքատության կրճատման, ներդրումների խրախուսման, օդանավակայանում ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակով։

– Արտահանումը խթանելու նպատակով անհրաժեշտ է շարունակաբար և հնարավորինս վերացնել դեպի արտահանման շուկաներ առկա մուտքի խոչընդոտները, բարձրացնել նոր արտահանման շուկաների հասանելիությունը, թիրախային երկրների հետ կնքել  երկկողմանի համաձայնագրեր` առևտրի բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով, ստեղծել հայկական արտադրողների և նրանց արտադրանքի վերաբերյալ տվյալների էլեկտրոնային հարթակ:

– Շարունակաբար պետք է քայլեր ձեռնարկել ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ` թիրախավորելով Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցի առաջավոր երկրների շարքում դիրքավորումը:

– Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության և զարգացման նպատակով անհրաժեշտ է ձևավորել ինստիտուցիոնալ հնարավորություններ` ՓՄՁ-ի ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման և մշակման համար, ներդնել ՓՄՁ սուբյեկտներին պետական աջակցության նոր գործիքակազմ և շարունակաբար թարմացնել այն, միջազգային կառույցների հետ համագործակցության միջոցով իրականացնել ՓՄՁ ոլորտում աջակցության ծրագրեր:

– Արտադրության ոլորտում ներգրավված ՓՄՁ ընկերություններին պետական ֆինանսական  աջակցության տրամադրում։

– ՓՄՁ արտահանող ընկերություններին աջակցության տրամադրում՝ տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և այլ գործիքների միջոցով։

– ՓՄՁ աջակցության և սոցիալական բևեռացման կրճատման նպատակով՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների տարբերակված, պրոգրեսիվ համակարգի սահմանում։

– Ընդհանուր ներդրումային միջավայրի բարելավման քաղաքականության շրջանակներում, նպատակ ունենալով զգալիորեն բարձրացնել օտարերկրյա ներդրումների ծավալը, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ներդրողների պաշտպանության և երաշխիքների տրամադրման ուղղությամբ, ստեղծել օրենսդրական հիմքեր` պետություն-մասնավոր գործընկերության համար, բարձրացնել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանվածությունը, կատարելագործել ազատ տնտեսական գոտիների գործունեությունը:

– Թիրախավորված ներդրումային քաղաքականության շրջանակներում, առանձին ոլորտներում (օրինակ` թեթև արդյունաբերություն, կոշիկի արտադրություն և այլն) ներառական տնտեսական աճին նպաստող բիզնես ծրագրերը խթանող աջակցության տրամադրում, օտարերկրյա ներդրումների ներգրավման թիրախային ռազմավարությունների իրականացում, Հայաստանում ներդրողների հետ աշխատանքի, ներդրումների ներգրավման և հետներդրումային սպասարկման ուղղությամբ կարողությունների ձևավորում և շարունակաբար ամրապնդում, մարզային համայնքներում ներդրումային ծրագրերի աջակցման գործուն մեխանիզմների ներդրում:

– Զբոսաշրջության զարգացման ուղղությամբ անհրաժեշտ ենք համարում հանրապետության տարածքում ներդնել ժամանակակից զբոսաշրջային տեղեկատվական միասնական ցանց, համաշխարհային շուկայում ամրապնդել Հայաստանի` որպես ապահով և զբոսաշրջության համար գրավիչ երկրի նկարագիրը, Հայաստանի ճանաչելիության մեծացման, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացիայի ապահովման նպատակով շարունակաբար իրականացնել թիրախային ռազմավարություններ, բարձրացնել զբոսաշրջային ծառայությունների որակի նկատմամբ պահանջները, աջակցել և խթանել ՀՀ մարզերում զբոսաշրջային միջոցառումների կազմակերպմանը (ավանդական փառատոներ, տոնակատարություններ և այլն), մշակել և իրականացնել էկոտուրիզմի զարգացման ռազմավարությունը, ընդլայնել մարզական զբոսաշրջությունը, կոնկրետ թիրախային երկրների քաղաքացիների համար սահմանել առանց արտոնագրի մուտքի ռեժիմ կամ դյուրացնել մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը:

Share