Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան․ Արենիում կառուցվում է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում

Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտնեց  ՀՀ  վարչապետի  պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի  ցուցակը  գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Շատ են խոսում՝ ներդրումներ կան Հայաստանում կամ չկան, բայց Արենի համայնքում հիմա շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում՝ «Թուֆենկյան» հյուրանոցային համալիր է կառուցվում: Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դա լինելու է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում: Արենիում այս հյուրանոցի բացումը անելու է տնտեսական հեղափոխություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի  պաշտոնակատարի կարծիքով՝ այն, որ այդ հյուրանոցը կառուցվում է հենց Արենիում, դա Արենիի և շրջակա համայնքների բնակիչների աշխատանքի արդյունքն է:

«Դուք վերջին 20 տարիներին ձեր աշխատանքի արդյունքում Արենին դարձրել եք Հայաստանի ամենահայտնի բրենդերից մեկը, գինեգործության ամենահայտնի կենտրոններից մեկը; Եվ սա մի ցայտուն օրինակ է, թե ինչպես մարդիկ աշխատելով կարող են հասնել հեղափոխական արդյունքների: Եթե դուք այդ ամենը չստեղծեիք, Արենի անունը չստեղծեիք և գինու հանրահռչակ փառատոնը այդպիսի բարձր մակարդակով չկազմակերպեիք, այդ ներդրումային ծրագիրը չէր լինի: Այս ներդրումային ծրագիրը մեծ հնարավորություն է ստեղծելու ոչ միայն Արենիի համար, այլև շրջակա բոլոր համայնքների համար»,- եզրափակեց Փաշինյանը:

Share