Բաժին. Տնտեսական

Կառավարությունը 10 համայնքներում ծրագրերի իրականացման նպատակով կհատկացնի 95,829 մլն դրամ

Կառավարությունը Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Վայոց Ձորի մարզպետարաններին կհատկացնի 95,829 մլն դրամ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ՀՀ 8 մարզերի 10 համայնքների 13 ծրագրերին: «Մրցույթների արդյունքում ընդհանուր գումարը կազմել է 236. 8 մլն դրամ, իսկ  ՀՀ-ի պետական  բյուջեից համաֆինանսավորումը կազմում է 95. 829 մլն դրամ։ Այս համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը համայնքային բյուջեների հաշվին, ներկայում մնում է պետական բյուջեից ֆինանսավորելու հատվածը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սուրեն Պապիկյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց, թե խոսքն ի՞նչ ծրագրերի մասին է: Պապիկյանն արձագանքեց՝ ասելով, որ խոսքը  սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների մասին է՝ սկսած ճանապարհներից, ջրագծերից, վերջացրած մանկապարտեզների ստեղծմամբ կամ վերանորոգմամբ, ջեռուցմամբ և այլն։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ վերահսկողություն կա՝ որակի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը պատասխանեց: «Ընթացիկ աշխատանքները մարզպետարանների կողմից վերահսկվում են, վերջնական պատկերը  պարզ կլինի տարեվերջին։ Ընթացիկ խնդիր միայն առաջացել է Բազմաբերդում, որտեղ իրականացվող կազմակերպությունը քրեական գործի շրջանակում է գտնվում։ Նրա ֆինանսավորումը հաջորդ ծրագրով է, սակայն չենք կարող իրականացնել, քանի որ  որևէ փորձաքննություն իրականացնող մեխանիզմ չկա»,- ասաց նա:

«Ընդհանուր առումով որակի վերահսկողության գործուն մեխանիզմ ունե՞նք»,- հետաքրքրվեց Փաշինյանը: Պապիկյանը հավելեց, որ այս առումով շատ անելիք ունի կառավարությունը:

Share