Բաժին. Տնտեսական

Քննարկվել են հայ-վրացական մաքսային ծառայությունների տեղեկատվության փոխանակման հարցերը

Լոռու մարզում մեկնարկել է «Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային աշխատաժողովը

«Սահմանային կառավարման ոլորտում հաշվետվողականություն և թափանցիկություն» թեմայով միջազգային եռօրյա աշխատաժողովին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Լատվիայի հանրապետությունների ներկայացուցիչները, այն անցկացվում է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակում: Քննարկումների կիզակետում են Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի՝ ՄԱԶԳ-ի կողմից «Հայաստանի Հանրապետությունում Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների, ինչպես նաև մաքսային ոլորտի ծրագրերին և կառավարման առանձնահատկություններին առնչվող հարցերը:

Բացի ՀՀ ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում նաև մաքսատուն-վարչությունների համապատասխան մասնագետներից, քննարկմանը մասնակցել են նաև Ազգային անվտանգության ծառայության և ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը բացման խոսքում նշել է , որ աշխատաժողովի քննարկումներն ուղղված են սահմանների համալիր կառավարման արդյունավետության բարձրացմանը: Նա հատկապես շեշտել է, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել, որպեսզի սահմանային կետերում գործի էլեկտրոնային կառավարման արդի միասնական համակարգ, ինչը թույլ կտա ֆիզիկական անձանց ու արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողներին առավել սահուն և արագ կերպով հատել սահմանը՝ հավատարիմ մնալով «Մեկ կանգառ, մեկ պատուհան» գաղափարին: «Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայ-վրացական սահմանային կետերից մեկում տրամադրում է տեղեկատվություն, այն արդեն պետք է հիմք հանդիսանա մյուս երկրի համապատասխան կառավարչական մարմնի համար»,-ասել է ՊԵկ նախագահի տեղակալը:

Հայկական կողմի առաջարկը Վրաստանի մաքսային ծառայությունների սահմանային կառավարման բնագավառի մասնագետները դրական են գնահատել: Վրաստանից ժամանած հյուրերը ներկայացրել են իրենց երկրում ծրագրերի կառավարման և սահմանային ինտեգրված կառավարման առանձնահատկությունները: «Մենք ցանկանում ենք կիսվել մեր տեղեկատվությամբ և ձեռք բերած փորձով՝ ընդլայնելով հայկական կողմի հետ գործակցությունն այս ուղղությամբ: Ինչպես նաև նպատակ ունենք խորացնել երկկողմ հարաբերությունները մաքսային հսկողության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման ուղղությամբ»,-նշել է Վրաստանի Սահմանների ինտեգրված կառավարման ծրագրի ղեկավար Գրիգոլ Պանցուլայան:

Աշխատաժողովի արդյունքները կամփոփվեն և կկազմվի ճանապարհային քարտեզ 2019-2020թթ-ի համար:

Share