Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ անդամ երկրների ՀՆԱ աճի ցուցանիշները գերազանցում են միության ցուցանիշներին. Տատյանա Վալովայա

ԵԱՏՄ համախառն ներքին արդյունքը, արդյունաբերական արտադրանքն աճել են, սակայն անդամ երկրներում աճը էապես գերազանցում է միության ցուցանիշներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ 5-ամյակին և Եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակին նվիրված տեսակամուրջով այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

«Նախորդ տարի շատ հավաքներ են եղել, շատ կարևոր որոշումներ են ընդունվել: 2018-ը նշանավորվեց բավականին բարենպաստ տնտեսական իրավիճակով, մենք ունենք ստաբիլ մակրոտնտեսական ցուցանիշներ: Հանձնաժողովի գնահատականով՝ ներքին համախառն արդյունքի տեմպով հասել ենք 1.9 տոկոս աճի: Բայց մեզ համար կարևոր է, որ մի շարք պետությունների դեպքում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է:  Օրինակ Հայաստանում 6.2 տոկոս է, Բելառուսում՝ 3.7 տոկոս, Ղազախստանում՝ 4 տոկոս: Եվ սրանք շատ կարևոր ցուցանիշներ են, մենք տեսնում ենք այն ազդեցությունը, որ պետությունները ստանում են ինտեգրացիայի արդյունքում»,-ասաց Վալովայան:

Նա նաև նշեց, որ եթե ամբողջ միության համար արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 3.2 տոկոս, ապա Բելառուսում 6.1 տոկոս, Ղազախստանում՝ 4.5 տոկոս, Ղրղըզստանում 4.9 տոկոս, Հայաստանում՝ 4.1 տոկոս: Երկրների մեծ մասի ցուցանիշները գերազանցում են միության ցուցանիշներին:

Վալովայան նաև մեծապես կարևորեց, որ նախորդ տարվա մայիսին անդամ երկրների ղեկավարների կողմից ինտեգրման խորացման հռչակագիրը ստորագրվեց: 

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը գործողության ուժ է ստացել 2015 թ. հունվարի 1-ից:

Share