Բաժին. Տնտեսական

Կբարձրացվի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետությունը

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ նախորդ տարիներին սուբվենցիաների տրամադրման կարգով համայնքները ներկայացնում էին իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններս էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ: Գործող կարգը չէր նախատեսում սուբվենցիաների հայտերի գնահատման կոլեգիալ մարմին, գնահատման չափանիշներ, առաջնահերթություններ, հայտադիմումի կոնկրետ ձևաչափ և այլն: Այդ ընթացակարգով պարզ չէր նաև, թե որ պետական կառավարման մարմիններն են պատասխանատու տարբեր բնույթի սուբվենցիոն ծրագրային առաջարկների գնահատման և բյուջետային հայտում ներառելու համար: Որոշմամբ առաջարկվում է սահմանել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, քննարկման և հաստատման կարգը, հայտերի ձևաչափը, գնահատման մեխանիզմները, ինչը հնարավորություն կտա սահմանել արդյունքային վերահսկողության ցուցանիշները յուրաքանաչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը և ֆինանսական միջոցների օգտագործումը կդարձնի ավելի թափանցիկ և վերահսկելի: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել ծրագրերի իրականացման համար համայնքների համաֆինանսավորման չափը՝ կախված ծրագրի ոլորտից և համայնքի աշխարհագրական դիրքից, հայտերի մշակման և ներկայացման պահանջները, միջգերատեսչական հանձնաժողովում հայտերի քննարկման և հաստատման գործընթացը։

Անդրադառնալով հարցին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ խոշորացված համայնքներում ակնհայտորեն ֆինանսական միջոցները հավելյալ գեներացվում են, քանի որ վարչական ծախսերն ավելի քիչ են, և նմանատիպ ծրագրերին այդ համայնքները կարողանում են մասնակցել:

Share