Բաժին. Տնտեսական

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները ևս ստացել են պարգևավճարներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունում պարգևավճարները տրամադրվել են հավասարության սկզբունքով: «Մեկ աշխատավարձի չափ, պայմանականորեն 13-րդ աշխատավարձ են ասում, նախարարությունում բոլորը պարգևատրվել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա։

Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ նախարարությունում պարգևավճարները  տրամադրվում են հետևյալ սկզբունքով. «Եթե տարվա ընթացքում աշխատավարձի ֆոնդում չօգտագործված միջոցներ կան, օրինակ, եթե ութ հաստիք է նախատեսված, բայց վեց հաստիքով է արվել տվյալ աշխատանքը, ապա վերջում այդ խնայողությունը օրենքի ուժով՝ որպես պարգեւավճար, կարող է վճարվել աշխատած անձանց:  Ինչպես բոլոր պետական կառույցները, այնպես էլ մենք ծրագրային խնայողություններ ենք ունեցել։  Իմ անձնական կարծիքն այն է, որ պարգևավճարը խրախուսանքի միջոց է ու պետք է տրվի այն անձանց, ովքեր ավելի արտադրողական են և ովքեր ավելի ակտիվ մասնակցում են աշխատանքային գործընթացներում, բայց նախարարությունում կան ղեկավարներ, ովքեր իրենք են որոշում, թե ինչպես պարգևատրել իրենց աշխատակիցներին, հակված են ավելի համամասնական մոտեցումների»,– ասաց նա:

Share