«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն աշխատանքային խորհրդակցության ընթացքում ամփոփեց 2019 թվականի առաջին ամսվա աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, տարեսկզբին պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան: Երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը կազմեց 219,9 հազար տոննա, ինչը նախորդ տարվա շեմը գերազանցեց 9,6%-ով: Նետտո բեռնաշրջանառությունն ավելացել է 12%-ով, բեռնումը՝ 15%, իսկ արտահանումն ու բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում՝ 6,9 հազար և 15,7 հազար տն-ով:
Աճ է գրանցվել նաև երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտում. 2019 թվականի հունվարին փոխադրվել է 28 հազար ուղևոր, ինչը 13%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Ընդ որում, աճը միջազգային հաղորդակցությունում կազմել է 41,7%, իսկ տեղականում՝ 12,4%:
Բարելավվել են նաև երկաթուղու աշխատանքի մի շարք որակական ցուցանիշներ՝ գնացքի միջին քաշ, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականություն և վազք, տեղամասային և տեխնիկական արագություն:
Կատարվել է նաև շարժակազմի վերանորոգման ծրագրը, ընդ որում, վագոնների ընթացիկ վերանորոգումը հունվարին եռապատկվել է, լոկոմոտիվների ընթացիկ սպասարկումն ավելացել է 5%-ով, իսկ ընթացիկ վերանորոգումը՝ 2,4%-ով:
Հունվարին երկաթուղին սպասարկել է 1048 գնացք, որից 1041-ը՝ ըստ չվացուցակի:
Ընկերության ղեկավարը հատուկ կարևորեց անվտանգության հարցը, նշելով, որ գծի գնահատականը բարելավվել է 3 կետով՝ կազմելով 74 միավոր:
Շարունակվել է նաև գծի առողջացումն ու վերանորոգումը, էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման, ինչպես նաև կապի և հեռամեխանիկայի տնտեսությունների արդիականացումը:
Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնա- և ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, բյուջեի եկամտային և ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, աշխատանքի արտադրողականության աճը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: