Բաժին. Տնտեսական

ՀԾԿՀ. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախազգուշացվեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշում կայացրեց նախազգուշացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը սահմանված ժամկետի խախտմամբ տեղեկատվության ներկայացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, որոշման նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀԾԿՀ ֆինանսական վերլուծության վարչության պետ Հայկ Ղոսալմյանը:

««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի գործունեության մասով 2018 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին: Այնինչ՝ օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացվեր մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը:  Հանձնաժողովը, որոշմամբ սահմանված ժամկետի խախտման փաստի ուսումնասիրման նպատակով 2019 թվականի հունվարի 9-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, որի վերաբերյալ ընկերությունը ծանուցվել է հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 9-ի գրությամբ»,-ասաց նա:

Ընկերությունը 2019 թվականի հունվարի 16-ին հայտնել է, որ 2018 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ընկերության սեփական կարիքների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի քանակների և հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված տույժերի մասով ծագել են տարաձայնություններ, և հաշվառման սկզբնական փաստաթղթերում տեղ գտած անճշտությունները շտկելու գործընթացով պայմանավորված՝ տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացվել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին։

«Հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը խախտել է տեղեկատվության ներկայացման՝ որոշմամբ սահմանված ժամկետը: Ինչ վերաբերում է վարչական վարույթի շրջանակում ընկերության ներկայացրած հիմնավորմանը, հարկ է փաստել, որ ընկերությունը պարտավոր էր սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող տեղեկատվության հիման վրա կազմել և սահմանված ժամկետում տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողով և հետագայում կատարել ճշգրտումներ: Հետևաբար, ընկերության հիմնավորումը տեղեկատվությունը որոշմամբ սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու օբյեկտիվ պատճառ չի կարող համարվել», – ասաց Հայկ Ղոսալմյանը։

Share