Բաժին. Տնտեսական

Կառավարության ծրագիր. Վերամշակող արդյունաբերություն

Վերամշակող արդյունաբերության արժեշղթայի ընդլայնումը Հայաստանում առկա արտադրական կարողությունների ընդլայնման զգալի հնարավորություն է։ Ինչպես առկա, այնպես էլ դրանց հարակից ճյուղերում առկա է ուղղահայաց և հորիզոնական ընդլայնման, արտադրության ծավալների, արտահանման և զբաղվածության ավելացման մեծ ներուժ։ Վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերում զարգացման խոչընդոտները հաճախ ունեն առանձնահատուկ բնույթ և չեն բնորոշվում ընդհանրական նկարագրով։ Առկա խնդիրները վերհանելու, դրանց համապատասխան լուծումներ գտնելու և Կառավարության աջակցությունը ճիշտ թիրախավորելու նպատակով իրականացվելու են ոլորտային ուսումնասիրություններ՝ այդ խնդիրները կրճատելու նպատակով։  

Կառավարությունը քննարկելու է վերամշակող արդյունաբերության առկա ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու, դրանց կողմից նոր տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների կլանման կարողությունները: Անհրաժեշտ դեպքերում վերանայվելու են վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերում սահմանված այն կարգավորումները, որոնց պատճառով ձևավորվել են զարգացմանը խոչընդոտող անհաղթահարելի սահմանափակումներ։

Միջոցներ են ձեռնարկվելու ԵԱՏՄ-ի շուկաներում վերամշակող արդյունաբե-րության առանձին ոլորտների նկատմամբ սահմանված ոչ տարիֆային կարգա¬վորումների այնպիսի զարգացումների ուղղությամբ, որոնք էապես կպարզեցնեն մեր ձեռնարկությունների գործունեության պայմանները և կընդլայնեն այդ շուկաներում առաջխաղացման հնարավորությունները։

Հատուկ ուշադրություն է դարձվելու արտահանման մեծ ներուժ ունեցող ոլորտներում ներդրումային ծրագրերի օժանդակությանը։ Այդպիսի ներդրումային ծրագրերն աջակցվելու են արտաքին շուկաներում նշված կազմակերպությունների առաջխաղացման միջոցառումներին օժանդակության, օրենսդրությամբ սահմանված հարկային և մաքսային խթանիչ պայմաններ ստեղծելու ճանապարհով: 

Share