Բաժին. Տնտեսական

Կառավարության ծրագիր. Հարկային համակարգ

Ստվերային տնտեսության կրճատմանն ու մրցունակ բիզնես միջավայրի ձևավորմանն ուղղված հարկային քաղաքականությունը: Պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը պետք է ուղղվի տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ՝ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար: Այս նպատակների իրականացման տեսանկյունից կարևորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի և կանխատեսելի միջավայրի ձևավորումը:

Կառավարությունը երկարաժամկետ տնտեսական աճին նպաստելու նպատակով իրականացնելու է ուղղակի հարկերի բեռի նվազեցում՝ ի հաշիվ անուղղակի հարկերի: Այսպիսի քաղաքականությունը թույլ կտա բարձրացնել տնտեսության մրցունակությունը, ինչի արդյունքում հեռանկարային զարգացման տեսանկյունից կարևոր՝ արտահանելի հատվածում, կաճեն շահութաբերությունը և ներդրումների իրականացման խթանները: Մասնավորապես, Կառավարությունն իջեցնելու է շահութահարկի դրույքաչափը, սահմանելու է եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ աստիճանաբար իջեցնելով այն, օտարերկրացի ֆիզիկական անձանց շահաբաժինները հարկվելու են Հայաստանի Հանրա¬պետության քաղաքացիների շահաբաժինների հարկման միևնույն՝ ավելի ցածր դրույքաչափերով, աստիճանաբար բարձրացվելու են ակցիզային հարկի դրույքաչափերը։

Արդարացի հարկման նպատակով ձեռնարկվելու են քայլեր հարկային բեռը դեպի «վճարունակ հարկ վճարողներ» տեղափոխելու ուղղությամբ, մասնավորապես, սահմանվելու են անշարժ գույքի հարկը գույքի իրական՝ շուկայական արժեքի հիման վրա հաշվարկելու ընթացակարգեր, միաժամանակ՝ սահմանվելու է հավաքագրումների նկատմամբ հանրային հսկողության առցանց գործիքակազմ` ուղղված սոցիալական արդարության վերականգնմանը:

Միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու նպատակով Կառավարությունն ընդլայնելու է կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի աշխարհագրությունը: Երկրի ներսում ձևավորվող հարկման բազաների պաշտպանության նպատակով ներդրվելու են տրանսֆերային գնագոյացման կարգավորումներ և հարկման նպատակով տեղեկատվության փոխանակման համակարգեր:

Հարկային քաղաքականությանը զուգահեռ հարկային համակարգի վարչարարության պարզեցման միջոցով Կառավարությունը պետք է նպաստի ստվերի կրճատմանը և Հայաստանի Հանրա¬պետության պետական բյուջեի եկամուտների գենե-րացմանը՝ առանց հավելյալ խոչընդոտներ ստեղծելու տնտեսական գործունեության իրականացման համար: Այս նպատակների իրագործման համար Կառավարությունը, Հարկային օրենսգրքի բարելավմամբ, սահմանելու է ընկալելի և կանխատեսելի հարկային կանոններ, որոնք ներդրումային ծրագրերի, ծախսերի և եկամուտների տնօրինման գործընթացներում նպաստելու են արդյունավետ որոշումների կայացմանը:

Պատմականորեն, հարկային մարմինն ընկալվում է որպես Հայաստանի Հանրա-պետության պետական բյուջեի հարկային եկամուտներն ապահովող կամ հավաքագրող (հարկահավաք), որի խնդիրն է Հայաստանի Հանրա¬պետության պետական բյուջեի հարկային մուտքերի ծրագրային ցուցանիշի՝ պլանի կատարումը, ինչը իրականում խնդրահարույց է հարկային մարմնի առաքելության տեսակետից:

Հարկերը ձևավորվում են հարկային մարմնից անկախ՝ հարկ վճարողների գործունեության արդյունքում, և հարկ վճարողների պարտականությունն է հարկերի հայտարարագրումն ու դրանց վճարումը: Այս գործընթացում հարկային մարմնի խնդիրն է երաշխավորել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների՝ ամբողջ ծավալով և ժամանակին հայտարարագրումն ու կատարումը: Հետևաբար՝ հարկային վարչարարության թիրախը պետք է լինի հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների՝ ամբողջ ծավալով և ժամանակին հայտարարագրման ու կատարման ապահովումը:

Ինչպես կոռուպցիան, այնպես էլ հարկային ստվերը ռիսկեր են, որոնք ուղղակի հակասում են մեր պետության և հասարակության ընդհանրական շահերին ու խոչընդոտում են բնականոն զարգացումը: Հետևաբար, հարկային մարմինը պետք է գործի այնպես, որպեսզի հարկ վճարողները չկարողանան և չձգտեն թաքցնել հարկերը:

Հարկային մարմնի կողմից պետք է մատուցվեն որակյալ ծառայություններ և պետք է իրականության մեջ ապահովվի հարկային վարչարարության ոչ խտրական լինելը:

Հարկային մարմինը չպետք է միջամտի օրինապահ հարկ վճարողների գործունեությանը՝ հաճախակի ստուգումներով և ավելորդ պարտավորություններով, օրինակ՝ չպետք է ծանրաբեռնի հարկ վճարողներին գերավճարներով կամ կանխավճար¬ներով: Այլ կերպ ասած՝ օրինապահ հարկ վճարողը պետք է չնկատի հարկային վարչա¬րարությունը, թեև անգամ օրինապահները պետք է ենթարկվեն մշտադիտարկման, որպեսզի երաշխավորվի վերջիններիս օրինապահ լինելը:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ սոցիալական, քաղաքական կամ որևէ այլ պատճառաբանությամբ հարկ չվճարող և դրա հաշվին օգուտ ստացող յուրաքանչյուր ոք ընդամենն օրինախախտ է, իսկ, այսպես կոչված, մեղմ վարչարարությունը կարող է և պետք է վերաբերի բացառապես օրինապահ հարկ վճարողներին: Հարկերից խուսափելու ցանկացած դրսևորում, անկախ հարկ վճարողի բնույթից՝ «խոշոր, միջին կամ փոքր», պետք է կանխվի. բոլոր այն դեպքերում, երբ առկա է հարկ չվճարելու ռիսկ, հարկային մարմինը պարտավոր է արձագանքել:

Հարկային մարմնի գործունեության արդյուքում հարկ վճարողները պետք է գիտակցեն, որ`

– բացի պարտադիր լինելուց, հարկ վճարելը նաև պատվաբեր է.

– հարկ չվճարելը ձեռնտու չէ, քանի որ կիրառվող պատասխանատվության միջոցներն անխուսափելի, անհամաչափ խիստ և թանկ են.

– հարկ թաքցնող գործարարն օրինախախտ է և ենթարկվելու է պատաս-խանատվության.

– չկան երաշխավորման այնպիսի մեխանիզմներ կամ անձինք, որոնք օրինախախտ հարկ վճարողին կապահովագրեն պատասխանատվության անխուսափելիությունից։

Այդպիսով կարմատավորվի հարկային պարտավորությունները կամավորության սկզբունքով կատարելու՝ հարկ վճարողների վարքագիծը:

Ստվերային շրջանառությունները կրճատելու համար առանձնակի կարևորվելու է տնտեսությունում բոլոր գործարքների լիարժեք փաստաթղթավորման ապահովումը, որը հնարավորություն կտա նաև լրացուցիչ եկամուտներ ապահովելու, ինչպես նաև նպաստելու հավասար մրցակցային պայմանների ձևավորմանը:

Մաքսային վարչարարության պարզեցմամբ՝ սահմանվելու են միջազգային առևտրային հոսքերի գրավիչ պայմաններ: Էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ՝ գործարար համայնքը մշտապես իրազեկվելու է բարեփոխումների բովանդակության և Հայաստանի մրցակցային առավելությունների (այդ թվում՝ մարզերում գործունեության իրականացման արտոնությունների) վերաբերյալ: Ներդրումային գրավչության բարձրացման նպատակով հնարավորինս պարզեցվելու է մաքսային սահմանի անցման գործընթացը և նվազեցվելու է սահմանի անցման համար պահանջվող ժամանակը:

Այս առումով, կարևորվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի վերջնական ներդրումը՝ մաքսային սահմանի անցման կետերում իրականացվող բիզնես-գործընթացների մասով: Նշված համակարգի ներդրման արդյունքում արտաքին առևտրի ոլորտում անձանց կողմից ներկայացվող տեղեկատվությունն ամբողջությամբ լինելու է էլեկտրոնային եղանակով, իսկ այն տեղեկատվությունը, որն արդեն առկա է համակարգում, չի պահանջվելու մյուս պետական մարմինների կողմից իրականացվող բիզնես-գործընթացների համար:

Նշված քայլերի արդյունքում Կառավարությունը հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման ճանապարհով նախատեսում է ապահովել հարկեր/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճ առավելագույն հնարավորի սահմաններում (հարկման ներուժից ընդունելի շեղման չափով):

Share