Բաժին. Տնտեսական

Բաբկեն Թունյանը կառավարության ծրագրի նախագծում տեսնում է քիչ, բայց առանցքային թվային ցուցանիշներ

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կառավարության ծրագրի նախագծում թվերի պակաս է տեսնում, սակայն, միևնույն ժամանակ, նկատում է, որ ներկայացված թվերն ամենաառանցքայինն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Կառավարության ներկայացրած ծրագրում, համաձայն եմ, թվերը քիչ են: Հստակ չափանիշներ չկան, թե որքան թիվ պետք է լինի: Ես կնախընտրեի, որ մի քիչ ավելի շատ թվային թիրախներ լինեին: Բայց եղած թիրախներն ամենաառանցքայիններից են: Օրինակ` ՀՆԱ-ի տարեկան աճը նշված է առնվազն 5 տոկոս, դա ամենակարևոր ուղենիշային ցուցանիշներից է: Կա նաև ներդրումների կշիռը ՀՆԱ-ի մեջ, որը ևս կարևոր ցուցանիշ է: Կա արտահանման կշիռը, և, բացի դրանից, նախընտրական ծրագրից մնացած թվային թիրախներ ունենք` աղքատության կրճատում 10 տոկոսային կետով և գործազրկության կրճատում 5 տոկոսային կետով: Այս ողջ համախումբը բավարար է, որ  հինգ տարի հետո հասարակությունը հասկանա` մեր առաջ դրած խնդիրները կատարել ենք, թե ոչ»,-նշեց Թունյանը:

Նա, սակայն, ընդգծեց` ամեն դեպքում կառավարության ծրագրերի դերը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ոչ պետք է թերագնահատել, ոչ էլ գերագնահատել: «Մենք ունեցել ենք անգամ նավահանգիստ կառուցելու վերաբերյալ կառավարության ծրագիր, սակայն ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Թունյանը նշեց` կառավարության ծրագրում նշված ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսով աճը ոչ թե առավելագույն, այլ ստորին շեմն է: Դա այն նվազագույնն է, ինչին ձգտելու են: «Հայտարարել ենք, որ մեզ համար էական է լինելու ոչ թե տնտեսական աճի մեխանիկական ցուցանիշը, այլ զարգացումը: Տնտեսական հեղափոխություն կլինի թե չէ, և այս ծրագիրը որքանով է նպաստում դրան, կախված է նրանից, թե ինչ ենք հասկանում տնտեսական հեղափոխություն ասելով: Եթե մենք հասկանում ենք նոր որակի տնտեսություն, նոր որակի տնտեսական կառուցվածք, ներառականություն, այս ծրագիրն ամբողջությամբ հնարավորություն տալիս է, որ դրան հասնենք»,- նկատեց հանձնաժողովի նախագահը:

Թունյանի կարծիքով` կառավարութան ներկայացրած ծրագրի նախագիծն իրատեսական ծրագիր է: Նա նկատեց նաև` մի քիչ զգուշավոր է: Հանձնաժողովի նախագահի կարծիքով` կարելի էր մի քիչ ավելի համարձակ բաների գնալ: Տնտեսական աճի թիրախը կարող էր շատ ավելի բարձր լինել: Նա դրա պոտենցիալը տեսնում է:

Կառավարության ծրագրի նախագիծը Ազգային ժողովը կքննարկի փետրվարի 12-ի նիստում:

Share