Բաժին. Տնտեսական

Հավասար կանոններ, վարչարարության պարզեցում. Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց ՀՀ-ում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Հայաստանը ապահովում է հավասար հնարավորություններ բոլոր ներդրողների համար: Տնտտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվող «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետությունը բոլոր հնարավոր միջոցներով բիզնեսի համար ապահովում է հավասար դաշտ և նպաստում, որ գործարար միջավայրը դառնա առավել բարենպաստ:  

«Խնդիր է դրված, որ բոլոր կանոնները լինեն պարզ՝ բոլորի համար հավասար և արհեստական խոչընդոտ չստեղծեն բիզնեսի համար: Շատ կարևոր է, որ այս ուղերձը հասնի հասարակության լայն շրջանակին: Այսօր էլ մեր հարկային դրույքաչափերը խոչընդոտ չեն բիզնեսի համար, սակայն պետք է ընդգծեմ, որ սպասվում են նոր փոփոխություններ, որոնք կապահովեն էլ ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես, միկրո բիզնեսին հարկերից ազատելը, եկամտային հարկի, շահութահարկի դրույքաչափերը նվազեցնելը: Այդ բոլոր քայլերի իրականցումը նշանակում է, որ Հայաստանում ներդրումներ կատարելը լինելու է ավելի գրավիչ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարն՝ ավելացնելով, որ պետությունն ամեն ինչ անում է հավասար մրցակցություն ապահովելու, կոռուպցիան բացառելու, շուկա մուտքն ազատականացնելու, վարչարարությունը պարզեցնելու համար: Այդ ամենը նպատակ ունի, որ բիզնեսը կենտրոնանա իր ծրագրերի վրա, ոչ թե այլ խնդիրների:

Տիգրան Խաչատրյանը կարևորեց ներդրումային համաժողովի անցկացումը: Նա նշեց, որ սա հարթակ է, որտեղ հանդիպում են կառավարության ներկայացուցիչները, բիզնես գաղափարներ ունեցողները, դրանք ֆինանսավորել ցանկացողները:

«Վստահ եղեք, որ եթե կան ճիշտ գաղափարներ և դրանք իրատեսական են, ապա ֆինանսներ կգտնվեն: Ֆինանսներն այսօր ամբողջ աշխարհում ամենահասանելի բանն են: Փողի խնդիր չկա, կա գաղափարի ու նախաձեռնության խնդիր»,-ասաց նախարարը:

Տիգրան Խաչատրյանը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում նախատեսված  է ներկայացնել  50 բիզնես ծրագիր: Դրանց իրագործումն ունի տնտեսական սոցիալական, համայնքային նշանակություն:

Share