Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Մեղրի ազատ տնտեսական գոտում առկա են որոշակի հարցեր հողերի ձևակերպման հետ կապված

Մեղրի ազատ տնտեսական գոտու հողամասը ապագայում պետք է ընդլայնվի մինչ 50 հեկտար: Ներկայում հողերի ձևակերպման հետ  կապված կան որոշակի կազմակերպական հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Մեղրի ազատ տնտեսական գոտու հետ կապված հարցերը կազմակերպական են, դրանք խնդիր չէի անվանի:  Հողերի ձևակերպումների հետ կապված հարցեր կան: Ներկայում Մեղրու ազատ տնտեսական գոտու հողամասը չի գերազանցում 2 հեկտարը: Հեռանկարում նախատեսվում է, որ պետք է այն ընդլայնել սկզբում 10, հետո մինչ 50 հա»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ որոշակի նախապատրաստական աշխատանքներ են եղել, ավարտելուց հետո կտրվեն շահագործման իրավունքներ: Խաչատրյանը նաև նշեց՝ երբ խոսում ենք ներդրումների և արտահանման պոտենցիալն ավելացնելու մասին,  պետք է հասկանալ, որ ազատ գոտու ռեժիմը չի տարբերվում նրանից, ինչ կա Հայաստանում: «Հայաստանում ևս մյուս ռեժիմները բավականաչափ բարենպաստ են և ներդրումների, և ԵԱՏՄ տարածք արտահանելու համար: Այդ տեսանկյունից ներդրումների պոտենցիալը կախված չէ նրանից, թե երբ կշահագործվի ազատ տնտեսական գոտին»,-նշեց նախարարն ու հավելեց՝ բայց, իհարկե, դրանք փոխկապակցված են:

Share