Բաժին. Տնտեսական

Նախարարը Իրանից ներկրվող գազի ծավալը բարձրացնելու համար Հայաստան-Իրան գազամուղը համարում է միանգամայն բավարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի կարծիքով՝ Հայաստանի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր լինելը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ: Նա գազատար խողովակաշարի պոտենցիալը միանգամայն բավարար է համարում Իրանից ներկրվող գազի ծավալը ավելացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Տիգրան Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Իրանական գազի համար տարանցիկ երկիր լինելու և ավել գազ ներկրելու հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքը արդյունավետ օգտագործելու համար: Որքան տեղյակ եմ՝ այսօր եղած հզորությունները թույլ են տալիս կրկնապատկել ծավալները»,-ասաց Խաչատրյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք գազամուղի խողովակաշարը թույլ կտա էականորեն բարձրացնել Իրանից ներկրվող գազի ծավալները՝ բնակչության սպառման կամ Վրաստան տարանցելու համար՝ նախարարն ասաց՝ այո: «Որքան տեղյակ եմ՝ գազամուղի ընդհանուր պոտենցիալի կեսն է օգտագործվում, կամ, միգուցե, ավելի պակաս»,-եզրափակեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին Իրանում նախագահի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Հայաստանը պատրաստ է լինել տարանցիկ երկիր՝ իրանական գազի համար:

Share