Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանը գտնվում է Չինաստանի տնտեսական հետաքրքրությունների գոտում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նկատում է՝ տարվա ընթացքում Հայաստան են այցելում չինական բազմաթիվ պատվիրակություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը դա պայմանավորեց նրանով, որ Հայաստանը գտնվում է Չինաստանի տնտեսական հետաքրքրությունների գոտում:

«Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նպատակ ունի ինտեգրել Չինաստանի տնտեսական շահերին հարակից բոլոր տարածքներում առկա հնարավորությունները: Հայաստանը գտնվում է այդպիսի հետաքրքրության գոտում: Դա է պատճառը, որ տարվա ընթացքում բազմաթիվ չինական պատվիրակություններ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները քննարկելու համար այցելում են Հայաստան»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց՝ այդ փոխադարձ այցերի ընթացքում նաև քննարկվում են Հայաստանի արտադրանքը Չինաստան արտահանելու հնարավորությանը: «Երբ փոխադարձ տնտեսական կապերը խորանում են, դրանք նաև մեծացնում են արտահանման հնարավորությունը»,-ասաց նախարարը:

Փետրվարի 27-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել էր չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել էր նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը: Ընկերությունը ցանկանում է Հայաստանում ստեղծել ալյումինի արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն ալյումինե ապրանքներ, մասնավորապես կահույք արտադրող տարբեր ընկերություններ, որոնց արտադրանքը հիմնականում կարտահանվի: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի ծավալը հասնում է մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի և նախատեսում 300-400 աշխատատեղերի ստեղծում:

Share