Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող գազավորված ըմպելիքի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներից մեկը՝ «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանին ֆինանսների նախարարության ներկայացուցիչները հրավիրել են քննարկման ֆինանսների փոխնախարարի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկումը շարունակվում է, իսկ այդ ընթացքում գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ շարունակում են բողոքի ակցիան: Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները իրենց դժգոհությունն են արտահայտում Հարկային օրենսգրքում սպասվող փոփոխության դեմ, որի համաձայն գազավորված ըմպելիքների արտադրությունը հարկվելու է ակցիզային հարկով:
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում նաև գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները, ովքեր իրենց դժգոհությունն են արտահայտում «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններից, որի համաձայն՝ գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից բարձրանալու է 60 անգամ՝ դառնալով 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի համար՝ գործող 50 հազար դրամից 3 միլիոն դրամ:
Բողոքի ակցիա իրականացող քաղաքացիներին մոտեցել և նրանց բարձրացրած խնդիրները լսել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին խոստացավ նրանց բարձրացրած խնդիրները քննարկել գործադիրի անդամների հետ, իսկ գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներին հայտնեց, որ նրանց բարձրացրած խնդիրների շուրջ մասնագիտական քննարկում է հրավիրել: