Բաժին. Տնտեսական

2018թ.-ին Հայաստանում ապահովագրավճարներն աճել են 17.28%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ին Հայաստանում ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունքում ապահովագրավճարները կազմել են 41,4 մլրդ դրամ՝ գերազանցելով 2017թ.-ի համանման 35,3 մլրդ դրամ ցուցանիշը 17.28%-ով։ Մասնավորապես, 2018թ.-ին անձնական նպատակներով ապահովագրավճարները գերազանցել են 2017թ.-ի 8,6 մլրդ դրամ ցուցանիշը 34.88%-ով՝ հատելով 11,6 մլրդ դրամի սահմանը։ Գույքի առնչությամբ ապահովագրավճարները կազմել են շուրջ 8 մլրդ դրամ՝ 2017թ.-ի՝ նախկին 6,3 մլրդ դրամի փոխարեն՝ +26.98%։ Իսկ ահա պատասխանատվության ապահովագրության գծով ապահովագրավճարները կազմել են 904,9 մլն դրամ՝ 2017թ.-ի 714,3 մլն դրամի փոխարեն՝ +26.68%։ 2018թ.-ին կնքված ԱՊՊԱ պայմանագրերը 2017թ.-ի 19,2 մլրդ դրամից աճել են մինչև 20,3 մլրդ դրամ՝ +5.73%։ Իսկ այլ ապահովագրավճարները 2017թ.-ի 501,9 մլն դրամից աճել են մինչև 568,2 մլն դրամ՝ +13.2%։

Համանման պատկեր է նաև ապահովագրական հատուցումների դեպքում. 2018թ.-ին ապահովագրական հատուցումների ընդհանուր չափը կազմել է 22,8 մլրդ դրամ՝ 2017թ.-ի 18 մլրդ դրամի դիմաց՝ +26.67%։ 2018թ.-ին անձնական նպատակներով ապահովագրական հատուցումները կազմել են 7,2 մլրդ դրամ՝ 2017թ.-ի համանման ցուցանիշը գերազանցելով 3 մլրդ դրամով կամ 71.43%-ով։ Գույքի առնչությամբ ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 1,7 մլրդ դրամ, որը 13.33%-ով ավել է 2017թ.-ի 1,5 մլրդ դրամի ցուցանիշից։ Պատասխանատվության ապահովագրության գծով ապահովագրական հատուցումները կազմել են 159,6 մլն դրամ՝ 2017թ.-ի 133,5 մլն դրամի փոխարեն՝ +19.55%։ 2018 թվականին ԱՊՊԱ համակարգում ապահովագրական հատուցումները կազմել են 13.5 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ այն աճել է 1.9 միլիարդ դրամով կամ 16.38%։ Իսկ 2018թ.-ի այլ ապահովագրական հատուցումները 2017թ.-ի 481,2 մլն դրամից նվազել են մինչև 226 մլն դրամ՝ -53.03%։

Share