Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախարարության և ԱԶԲ-ի միջև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության խորացման կարևորությունը։

Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որի հիմքի վրա ակնհայտ են ոլորտի առաջընթացի միտումները։ 

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը թվային կամուրջ կարող է հանդիսանալ Եվրոպայի և Մաքսային միության միջև։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու ծրագրին, գիտահետազոտական և տեխնոլոգիական ձեռքբերումները տնտեսության մեջ ներդնելու մեխանիզմներին: Քննարկվել են բանկի հետ համագործակցության մի շարք տարբերակներ, այդ թվում՝ տեխնոլոգիական ամենաառաջատար ուղղություններով Հայաստանում պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։ 

Սյուրկանի Կասիմն ընդգծել է բանկի հետաքրքրվածությունը Հայաստանում ակնհայտորեն առաջընթաց գրանցող այս ոլորտի նկատմամբ, պատրաստակամություն հայտնել շուկայի ուսումնասիրություն իրականացնելուց հետո համապատասխան քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության և բանկի ներկայացուցիչների կողմից առաջիկա համագործակցության հնարավորությունները մանրակրկիտ քննարկելուց հետո դրանց վերաբերյալ ներկայացնել կոնկրետ առաջարկներ։

Share