Բաժին. Տնտեսական

Փաշինյան. Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձումը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է

Առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմ ներդնելը Հայաստանի միջազգային պարտավորությունն է, որն արձանագրված է ՄԱԿ-ի և եվրոպական որոշ կառույցների Հայաստանի հետ ունեցած հարաբերություններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մատենադարանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով հարցին այն մասին, թե ինչու է կառավարությունը գնում առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման քայլին:

«ՄԻԵԴ-ն ունի վճիռներ, որտեղ հստակ ձևակերպել է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մեխանիզմի մասին իր կարծիքը, և դատարանն արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Այնպես որ, այստեղ այդ մեխանիզմի համապատասխանության հետ կապված որևէ հարց չի կարող լինել, դա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ անգամ կան փաստաթղթեր, որտեղ դեռևս 2015 թվականին Հայաստանի միջազգային գործընկերները այդ մեխանիզմի՝ մեր երկրում ներդրման երաշխիքներ են տվել: «Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Փաշինյանը:

Share