Բաժին. Տնտեսական

Հայաստանում չպետք է լինի Էժան աշխատուժ. Նիկոլ Փաշինյանը` եկամտահարկի համահարթեցման մասին

Հարկային օրենսգրքով նախատեսվող եկամտային հարկի համահարթեցումը հետևյալ նպատակն ունի` բարձր որակավորում ունեցող մարդիկ պետք է բարձր աշխատավարձ ստանան: Իսկ համահարթեցման արդյունքում սոցիալական անհավասարության որոշակի խնդիրը կլուծվի հետագայում գույքահարկի ոլորտի բարեփոխումների արդյունքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը պատգամավորի հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը նշեց, որ որոշ տնտեսավարողների համար հարկային բարեփոխումներով նախատեսվող ակցիզային հարկի բարձրացումը խնդիր է առաջացրել: Նա, մասնավորապես, հետաքրքրվեց գազավորված ըմպելիքների հարկման նկատմամբ վարչապետի տեսակետով, նաև գույքահարկի մասով լուրջ ռեֆորմներով:

«Մեր կառավարության ծրագրում դրված է, որ մենք խրախուսելու ենք բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մենք չենք ուզում պայքարել նրա համար, որ մարդը շարունակի 80 հազար դրամ աշխատավարձ ստանալ, և մենք այնպես անենք, որ նա լավ ապրի: ՀՀ-ում էժան աշխատուժ չպետք է լինի: Հայաստանում պետք է լինի բարձր որակավորում ունեցող աշխատուժ, որը ստանում է բարձր աշխատավարձ: Եվ մենք բարձր աշխատավարձերի համար եկամտահարկը իջեցնում ենք այս ուղերձը հղելու համար: Մենք ուզում ենք տեխնոլոգիական երկիր դառնալ, սակայն մյուս կողմից տեխնոլոգիական ոլորտի բարձր աշխատավարձերի վրա այնքան հարկ ենք դնում, որ ոչ ոք չցանկանա ներդրում անել: Մենք մարդկանց պետք է մղենք պրոֆեսիոնալ հմտությունների աճեցման»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց` Հայաստանում չպետք է մարդ լինի, ում մտքով անցնի, որ 80 հազար դրամով կարող է աշխատել, Հայաստանում չպետք է լինի գործատու, որ մտածի` կարող է ՀՀ-ում 80 հազար դրամով մարդ աշխատանքի ընդունել ու մտածել, թե ինքը աշխատավարձ է տվել:

Վարչապետը նկատեց, որ Հայաստանում կա տպավորություն, թե բարձր աշխատավարձ ստացողների թիվը շատ ցածր է: «Տպավորություն կա, թե մենք ընկել ենք բարձր աշխատավարձ ստացողների հետևից, և ուզում ենք նրանց ներկայացնել որպես սոցիալական բևեռ` իբր նրանք հարուստներն են: Ես ուզում եմ պատասխանատու կերպով հայտարարել, որ ՀՀ-ում ոչ ոք աշխատավարձով հարուստ և առավել ևս մեծահարուստ չի»,-նշեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ գույքահարկի ոլորտի բարեփոխումները մտադիր ենք սինխրոն կերպով 2020-ի հունվարի 1-ից դնել գործարկման մեջ: Նա ներկայացրեց սրա կապը` եկամտահարկի համահարթեցման գործընթացի իրենց մտադրության հետ: «Կա քննադատություն, որ մենք բարձր աշխատավարձերի համար եկամտահարկը իջեցնում ենք, և դա դիտարկվում է որպես սոցիալական ոչ ճիշտ քաղաքականություն: Ես, իհարկե, դրա հետ համաձայն չեմ: Գույքահարկի համակարգը փոխում ենք այնպես, որ հենց գույքահարկով այդ սոցիալական հարկման արդարությունը մտնի»,-նշեց վարչապետը

Հարկային օրենսգրքի փոփոխություններով նախատեսվում է այս տարվա սեպտեմբերից եկամտահարկը աշխատավարձի բոլոր չափերի համար հաշվարկել 23 տոկոս դրույքաչափով: Հետո այն աստիճանաբար նվազելու է` հասնելով 20 տոկոսի:

Share