Բաժին. Տնտեսական

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը Դիլիջանի արվեստի փառատոնի շրջանակներում ներկայացրեցին «Արվեստանոց» ցուցադրությունը

Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնն ապրիլի 6-ին Դիլիջանի արվեստի փառատոնի շրջանակներում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտևի մինչև ապրիլի 13-ը:

Դիլիջանի արվեստի փառատոնը հիմնադրվել է 2018 թ. Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Դիլիջան) ուսանողների կողմից: Փառատոնի նպատակն է արվեստի բնագավառի տարբեր միջոցառումների շուրջ համախմբել արվեստասեր երիտասարդներին և այդպիսով ստեղծել մշակութային ցանց:

ԳԱԿ-ը փառատոնի շրջանակներում ներկայացել է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ, որը տեղի էր ունեցել դեռևս 2018թ. փետրվար – հունիս ամիսներին: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:

«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այդ նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ Դիլիջանի արվեստի փառատոնում, որը կարևոր իրադարձություն է արվեստի բնագավառում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաև հայտնում UWC Դիլիջանի միջազգային դպրոցին՝ մեզ այս հրաշալի միջոցառմանը մասնակից դարձնելու համար», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«Ստեղծագործ, ակտիվ և նախաձեռնող երիտասարդները մեր երկրի ապագան են, և մենք միշտ ուրախ ենք աջակից լինել նրանց։ Հիանալի է, որ տաղանդավոր երիտասարդների համար նման հարթակներ են ստեղծվում, նրանց հնարավորություն տալով առաջ գնալ և զարգանալ ընտրած բնագավառում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

———–

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

Գաֆէսճեան պատանեկան խորհուրդը 13-16 տարեկան երիտասարդների առաջնորդական խումբ է, որը  ստեղծվել է 2017թ.՝ նպատակ ունենալով կառուցել շարունակական հարաբերություններ  պատանիների հետ, կարևորել նրանց բազմապիսի հետաքրքրությունները և կարիքները՝ Կենտրոնը դարձնելով սիրելի վայր բոլոր դեռահասների համար, ներգրավել նրանց մշակութային միջավայրի մեջ որպես ակտիվ դերակատարների, միևնույն ժամանակ խթանել նրանց ստեղծարար մտածողությունը և տեսողական գրագիտությունը, նպաստել հաղորդակցման, թիմային աշխատանքի և առաջնորդական հմտությունների զարգացմանը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share