Բաժին. Տնտեսական

«Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցելու ցեմենտի նախագծի վերաբերյալ քննարկումներին

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկրվող ցեմենտի վրա պետտուրք սահմանելու մասին օրենքի նախագծի  մինչ երկրորդ ընթերցումը չի մասնակցելու հարցի քննարկումներին հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կարճ հայտարարությամբ հանդես եկավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել  Մելքումյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, թե խմբակցության ղեկավարը նախագծի համար շահագրգիռ անձ է:

«Գագիկ Ծառուկյանը, հաշվի առնելով կոլեկտիվի նկատմամբ սոցիալական և պետական պատասխանատվությունը, հարգել է կոլեկտիվի կարծիքը, եկել, մասնակցել է, հանդես է եկել պարզաբանումներով: Եվ մենք արձանագրում ենք, որ այսուհետև ինչ որոշում էլ ընդունվի, դրա պատասխանատվությունը լինելու է քաղաքական մեծամասնության՝«Իմ քայլ»-ի վրա: Մենք այս պահից չենք մասնակցելու այդ քննարկումներին: Եվ հաշվի առնելով մեր չմասնակցելու հանգամանքը՝ ուղղակի արձանագրում եմ՝ ինչ էլ որոշեք, մեզ համար ընդունելի կլինի»,-ասաց Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ դիրքորոշումը միանշանակ հասկանալի է: «Բոլոր հարցրերում ինչ որոշում կայացնում ենք, դրա լիարժեք պատասխանատվությունն ընդունում ենք և պատրաստ ենք պատասխանատվություն կրել: Շատ ավելի ցանկալի կլիներ, որ դուք էլ աշխատանքային խմբի աշխատանքներին մասնակցեիք, եթե ուզում ենք կառուցողական դաշտում նորմալ քննարկենք»,-նշեց նա:

Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը պարզաբանել էր, որ Գագիկ Ծառուկյանը հավատարմագրային կառավարման է հանձնել «ԱրարատՑեմենտ» գործարանը, և օրինագիծը բացարձակապես որևէ կերպով Ծառուկյանի` հավատարմագրման հանձնված բիզնեսին չի վնասում: Նա նշել էր՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված խնդիր չկա, այստեղ պոտենցիալ գործազրկության վտանգն է, հնարավոր է աշխատատեղերի կրճատում` հաշվի առնելով կլինկերի ներմուծման դեպքում հնարավոր հետևանքները: ԲՀԿ-ն առաջարկում էր պետտուրք սահմանել նաև ներկրվող կլինկերի վրա:

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին:

Ավելի վաղ ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել և հավանության էր արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է տեղական արտադրանքը խրախուսելու նպատակով Իրանից ներկրվող ցեմենտի համար սահմանել պետտուրք: Կառավարության ներկայացրած նախագծով և ցեմենտի, և կլինկերի համար առաջարկվել էր տուրքի նույն չափը: Սակայն նախագծի զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ եթե պատգամավորները նպատակահարմար գտնեն մեկի վրա տարածել, մյուսի վրա ոչ, կքննարկեն դա առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Արդյունքում հանձնաժողովը նախագիծը հավանության էր արժանացրել՝ միայն ցեմենտի վրա տարածելու տարբերակով՝ 1 տարի ժամկետով: Դրանից հետո «ԱրարատՑեմենտ»-ի շատ աշխատակիցները, աշխատանքից ազատման մասին ծանուցագրեր ստանալով, բողոքի ակցիա էին իրականացնում: Գործարանի տնօրինությունը պարզաբանել էր, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, ինքնարժեքը բարձր է:

Share