Բաժին. Տնտեսական

Մանե Ադամյանն ընդունել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը

Ապրիլի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումերի նախարարի տեղակալ Մանե Ադամյանն ընդունել է Կամբոջայի Թագավորության պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էին Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Ուչ Բորիտը, Կամբոջայի առևտրի նախարարության պետական քարտուղար Տեկրետ Կամրանգը, Ռուսաստանի Դաշնությունում Կամբոջայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Կեռ Վիքսիթը և այլ պաշտոնյաներ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը։

Մանե Ադամյանը ողջունել է հյուրերին և համառոտ ներկայացրել Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, արտահանման հնարավորությունները, տեղեկացրել գործող առևտրային ռեժիմների մասին, նաև անդրադարձել ՀՀ տնտեսական բարեփոխումների և ներդրումային միջավայրի բարելավման օրակարգին, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներում Հայաստանի հնարավորություններին։

Կամբոջայի պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են հանքային ջրերի, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հնարավորություններով և հեռանկարներով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես արծարծվել են հայկական արտադրանքի՝ Կամբոջա հնարավոր արտահանման, ինչպես նաև կամբոջական ապրանքների` Հայաստան ներկրման վերաբարյալ հարցեր։ Երկուստեք կարևորվել են գործարարների անմիջական շփումները և հանդիպումները, փոխայցելությունները, ինչպես նաև տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը։

Կողմերը պայմանավորվել են տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել և համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Մանե Ադամյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել համագործակցության զարգացման հարցում և հավելել, որ Կամբոջայի գործընկերներին կփոխանցի իրենց հետաքրքրող ոլորտներում գործող ընկերությունների տվյալները՝ գործակցությունն առավել հասցեական դարձնելու համար։

Անդրադառնալով ԵԱՏՄ-Կամբոջա հարաբերություններին՝ նախարարի տեղակալը ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել Կամբոջային Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության խորացման ուղղությամբ։

Կողմերը նշել են, որ երկու երկրներն էլ զբոսաշրջության ոլորտում մեծ ներուժ ունեն, որն առաջիկայում անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել։

Հանդիպման ավարտին հյուրերը Մանե Ադամյանին հրավիրել են այցելել Կամբոջա՝ տեղում ծանոթանալու երկրի տնտեսությանը և զբոսաշրջային հնարավորություններին։

Share