Բաժին. Տնտեսական

Նիկոլ Փաշինյան. մանրամասներ` 50 հազար աշխատատեղի ավելացման մասին իր հայտարարության վերաբերյալ

Ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 հազար 141 աշխատատեղ ավելի է գրանցվել շուկայում: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ուղիղ հեռարձակմամբ այս մասին հայտնեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ նշելով, որ հանձնարարել է տեղեկանք պատրաստել բացվածքով, որպեսզի երևա, թե այդ աշխատատեղերը որ ոլորտներում են:

«Աշխատատեղերի հետ կապված առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Իհարկե, կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր: Այժմ ընդհանուր ներկայացնեմ, թե որ ոլորտներում որքան աշխատատեղ է ավելացել: Մասնավորապես, մանրածախ, մեծածախ առևտուր, ավտոմեքենաների, մոտոցիկլետների նորոգման ոլորտում 16 հազար 427 աշխատատեղի աճ ունենք: Մշակվող արդյունաբերության ոլորտում արձանագրել ենք 9 հազար 551 աշխատատեղի աճ: Կացության և հանրային սննդի սպասարկման ոլորտում՝  8 հազար 334, սպասարկման այլ ծառայություններում՝ 2 հազար 574, տեղեկատվություն և կապի ոլորտում՝  2 հազար 260, վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 1 834 աշխատատեղի աճ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասն ներկայացնելով մյուս ոլորտները:

Նա նշեց, որ այս թվերը ձևավորվել են ձեռնարկությունների, ընկերությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Այսինքն՝ ընկերություններն իրենք են ներկայացրել իրենց աշխատատեղերի թիվը, հետևաբար կատարվում են սրանից բխող հարկային պարտավորություններ:

«Ես հասկանում եմ, որ 50 հազար աշխատատեղի մասին մեր ներկայացրած թիվը մեկնաբանությունների տեղիք տվեց,  որովհետև, ըստ էության, կարող է  ֆանտաստիկայի ժանրից թվա, սակայն այս ֆանտաստիկան այսօր Հայաստանում իրականություն է, և դա շատ լավ է: Սա ես ոչ թե կառավարության գործունեության հաջողությունն եմ համարում, այլ սա մեր գործարարների, մեր քաղաքացիների գիտակցության բարձրացման արդյունք է կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք:  Այս մարդիկ իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում», – ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այս պրոցեսը կշարունակվի:

Նա նշեց, որ առաջիկայում նոր աշխատատեղեր կստեղծվեն:

Share