Բաժին. Տնտեսական

Տնտեսական զարգացման դռները պետք է չփակվեն կանանց առջև

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովը լայն հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի բիզնես, զբոսաշրջային և մշակութային գրավչությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի կողմից: Այն անցկացում է ապրիլի 24-28-ը:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի նախագահ, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ՀՀ կին ձեռներեցների ցանցի նախագահ  Լիլիթ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում կանանց ձեռներեցության խրախուսման ուղղությամբ դեռևս շատ անելիքներ կան:

Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Մարի-Քրիստին Օղլին ասաց, որ այն տնտեսական ռեֆորմների ծրագիրը, որ ներդրվել է Հայաստանում, թափանցիկություն է հաղորդել ՀՀ տնտեսությանը:

«Կանայք միշտ չէ, որ պատշաճ ներկայացված են, նրանց պետք է կրթել, հնարավորություններ ընձեռել, որովհետև մինչև այժմ կան ոլորտներ, որոնք համարվում են տղամարդկանց հարիր։ Անհրաժեշտ է այնպես անել, որ տնտեսական զարգացման դռները չփակվեն կանանց առջև»,- նշեց Մարի-Քրիստին Օղլին։

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին նշեց, որ կնոջ տնտեսապես հզոր լինելը նպաստում է նաև ընտանիքների հզոր լինելուն:

«Կանանց մասնակցությունը համաշխարհային տնտեսության մեջ կարող է նպաստել տնտեսական զարգացմանն աշխարհում: Կանայք շատ խնդիրների են բախվում, օրինակ՝ աշխարհի 104 երկրում կանանց արգելված է որոշակի աշխատանքներ իրականացնել: Սա նշանակում է, որ 2.7 մլրդ կին չունի նույն հնարավորությունն ինչ տղամարդիկ: Աշխարհում կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները կազմում են ամբողջ բիզնեսների 1/3-ը»,- ասաց դեսպանը և հավելեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել այս ուղղությամբ, որպեսզի փոխվի այս վիճակագրությունը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջութիդ Մարգարեթ Ֆարնուորթն ընդգծեց, որ կանանց ներգրավվածության դեպքում ծրագրերն առավել արդյունավետ են լինում։

«Անհնար է բարգավաճել, եթե հասարակության ողջ ներուժը բացահայտված չէ։ Այսօր կանանց տնտեսության մեջ ներգրավելու քաղաքական կամքն առկա է, սակայն կանանց ներուժը, որ լեփ-լեցուն է, չի օգտագործվում։ Միայն հաջողակ կանայք կարող են ինքնավստահ լինել», – ասաց նա։

FCEM միջազգային համաժողովին մասնակցում է 21 երկիր՝ Ավստրալիան, Բելգիան, Բահրեյնը, Բանգլադեշը, Չեխիան, Խորվաթիան, Եգիպտոսը, Վրաստանը, Իտալիան, Ճապոնիան, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը, Մավրիկիան, Մոնակոն, Պերուն, Շվեյցարիան, Սլովակիան, Թայվանը, Ֆրանսիան, Հայաստանը:

Share