Բաժին. Տնտեսական

Կարեն Ճշմարիտյան․ ընդունված է համարել, որ մարդկության պատմության ընթացքում եղել է երկու տնտեսական հեղափոխություն

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տնտեսական հեղափոխություն հասկացությանը։

«Վաղուց սովորություն է դարձել` հանրային կյանքում, դրա որևէ հատվածում կատարված քիչ թե շատ արմատական փոփոխությունը, կամ առանցքային շրջադարձը անվանել հեղափոխություն:

Այդպիսի մոտեցումը ունի իր պատմական, հոգեբանական և ավանդութային արմատները: Մի կողմ թողնենք կոնկրետ իրադարձության հետ կապված քաղաքական և իրավական բնորոշումները: Այս քննարկման առարկան չէ նաև` այդպիսի լեզվամտածողության, կամ շեշտադրումների կիրառությունը, կամ մերժումը` քաղաքական, ոչ մասնագիտական, կամ կենցաղային շրջանակներում:

Խոսքը մեկ այլ բանի մասին է:

Հարցը վերաբերվում է այս և նմանատիպ հասկացությունների կիրառությանը զուտ մասնագիտական շրջանակներում` գիտական, կրթական ոլորտում և մասնագիտական առումով:

Մասնավորապես` տնտեսական հեղափոխության հստակ գիտական սահմանում որպես այդպիսին առկա չէ, սակայն ընդունված է` պարզապես ընդունված է համարել ( առավելապես` պատմագետների և սոցիոլոգների կողմից ), որ մարդկության պատմության ընթացքում առ այսօր եղել է երկու տնտեսական հեղափոխություն: Առաջինը` մ.թ.ա. 7-5 րդ հազարամյակներում, երբ մարդը որսորդությունից անցավ գյուղատնտեսությանը ( նեոլիտիկ, կամ գյուղատնտեսական հեղափոխություն ): Երկրորդը` 19-րդ դարում, երբ մարդու ֆիզիկական աշխատանքին առավել լայն թափով սկսեցին փոխարինել մեքենաներն ու սարքերը (Բրիտանական «ինդուստրիալ հեղափոխություն»): Նույն կերպ համարվում է, որ այժմ ամբողջ աշխարհը և մարդկությունը կանգնած է երրորդ տնտեսական հեղափոխության շեմին, որն ամենալավատեսական կանխատեսումներով կտևի մոտ 30-40 տարի: Վերջինս վերաբերվում է մարդու ոչ միայն ֆիզիկական, այլ արդեն մտավոր կարողությունների կիրառման փոխարինմանը սարքերով և մեքենաներով, այսպես ասած` «արհեստական բանականության» լայնածավալ ներդրմանը: Նշվածից կարելի է հետևություն անել, որ «տնտեսական հեղափոխություն» հասկացությունը, գոյություն ունեցող կիրառության առումով ներառում է մարդու և բնության միջև, կամ մարդու կողմից արդյունքի ստեղծման, բաշխման, և դրանց կազմակերպման, կառավարման, նաև` կարգավորման ոլորտում ծագող հարաբերություններում միանգամայն նոր` աշխարհում մինչ այդ անհայտ, կամ երբևէ չկիրառված լուծումների, մոտեցումների, մեթոդների և միջոցների համախումբ: Այստեղ գլխավորը, հատկանշականն ու որոշիչը` «աշխարհում մինչ այդ անհայտ, կամ երբևէ չկիրառված…» բնորոշումն է: Այսինքն` նույնիսկ եթե տնտեսության մեջ այդ կարգի «աշխարհում մինչ այդ անհայտ, կամ երբևէ չկիրառված» լուծումները ներդրվեն և իրականացվեն որևէ մի երկրում, ապա` դա կլինի հայտնագործություն, որը ծնունդ առավ և իրագործվեց հենց այդ երկրում, այնուհետև կտարածվի աշխարհով մեկ, և «տնտեսական հեղափոխություն» հասկացությունը գործածողները կբնորոշեն այն, որպես հերթական «տնտեսական հեղափոխություն» ամբողջ աշխարհում: Բնական է` այդ նույն շրջանակները տվյալ երկիրը կհամարեն մարդկության կողմից իրականացված տվյալ «տնտեսական հեղափոխության» օրրանը: Կլինի մոտավորապես այնպես, ինչպես եղավ Մեծ Բրիտանիայում` 19-րդ դարում: Ստացվում է, որ այսպիսի ժամանակագրական տարանջատմամբ սահմանագծվում են ամբողջ աշխարհում մարդ էակի մտավոր և ֆիզիկական կարողությունները տնտեսության մեջ գործադրելու տարբեր աստիճանների ու ծավալների շատ ընդհանրական, պատմական, սոցիալական և էվոլյուցիոն առումով բնութագրող փուլերը: Տրամաբանական է նաև այն, որ մարդու էվոլյուցիան չի կարող սահմանափակվել և դիտարկվել մեկ երկրի, տարածաշրջանի, կամ ազգի շրջանակներում: Հետևաբար` վերը նշված մասնագետների կողմից կիրառվող «տնտեսական հեղափոխություն» հասկացությունը գործածվել, և գործածվում է միայն ամբողջ աշխարհի կտրվածքով, և չի գործածվում ու չի կիրառվում մեկ երկրի կտրվածքով: Այսինքն` ցուցանում է ոչ թե տնտեսության, տնտեսվարման ձևերի, տնտեսական հարաբերությունների, այլ առավելապես մարդ էակի զարգացման ընդհանրական փուլերը:

Նշված ժամանակագրական տարանջատումը նաև չի համընկնում, և չի համապատասխանում մարդկության զարգացմանը ուղեկցող զուտ տնտեսական հարաբերությունների արմատական որակական փոփոխությունների ժամանակագրությանը: Այսինքն` այն ժամանակագրությանը, որը գիտականորեն հիմնավորում են, և սահմանում են տնտեսական պատմագետները: Դրանք տարբեր են` տնտեսական պատմության մասնագետների մի մասը գտնում է, որ մինչ այժմ եղել է 5 փուլ, մյուս մասը` 4 փուլ, և այլն: Սակայն այս փուլերը իրենց գիտական հիմնավորմամբ, նկարագրությամբ և բնույթով իրենց մեջ կրում են միանգամայն այլ իմաստային ծանրաբեռնվածություն:

Հավանաբար սա է պատճառը, որ տնտեսագիտության մեջ այդ հասկացությունը սահմանված չէ, և չի գործածվում, որպես տնտեսագիտական հասկացություն, կամ տերմին:

Զուտ տնտեսագիտական մոտեցման սահմաններում, նույնիսկ ծայրաստիճան հավակնոտ, բայց միաժամանակ նվազագույնս իրատես լինելու պարագայում` առանձին վերցրած մեկ երկրի, կամ տարածաշրջանի տնտեսության մեջ արմատական վերափոխումների հավակնություններին մի գուցե մասնագիտական բնութագրում կարող են տալ «ինդուստրիալ», «տեխնոլոգիական», թեկուզ` «գիտատեխնիկական հեղափոխություն», «տնտեսական հրաշք», «տնտեսական թռիչք», «տնտեսական տեսիլքների իրացում», կամ «արագ բարեփոխումներ», «արմատական բարեփոխումներ» ձևակերպումները: Անվանումը կարող է կախված լինել նրանից, թե տվյալ փոփոխությունների գիտական ու մասնագիտական հիմնավորումներում, և համապատասխանաբար` գաղափարական, հայեցակարգային ու ծրագրային հիմքում ինչ նպատակներ և ինչպիսի առաջնայնություններ են դրված:

Ընդհանրացնելով պետք է նշել, որ առ այսօր տնտեսագիտության մեջ գոյություն ունեցող մոտեցմամբ` առանձին վերցրած մեկ երկրի տնտեսությունը զարգանում է բացառապես էվոլյուցիոն ճանապարհով: Շատ դանդաղ, դանդաղ, արագ, շատ արագ, թռիչքաձև, թե` կատվազգիներից որևէ մեկի ցատկի նման, դա այլ հարց է, սակայն` միայն էվոլյուցիոն ճանապարհով:

Քաղաքական, ոչ մասնագիտական, կամ կենցաղային ու խոսակցական շրջանակում որևէ նպատակ շեշտադրելու, կամ առանձնահատուկ ընդգծելու նպատակով ցանկացած երևույթի կարելի է ցանկացած ձևակերպում և բնութագրում տալ: Վերջինս` զուտ ճաշակի հարց է:

Միևնույն ժամանակ ցանկալի է, որ մասնագետները, գիտնականները, մանավանդ բուհերում, և ընդհանրապես բոլորը` մասնագիտական քննարկումների տիրույթում առավել ճշգրիտ կիրառեն բոլոր հասկացություններն ու տերմինները», – գրում է Ճշմարիտյանը:

Share