Բաժին. Տնտեսական

Աշխատավարձի հարկը չպետք է ծանրաբեռնի ձեռնարկատիրոջը. ֆինանսների փոխնախարարը՝ եկամտահարկի համահարթեցման մասին

Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է եկամտահարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, որը տարեցտարի նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված խորհրդարանական լսումներին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց դրա հիմնավորումները:

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը հետաքրքրվեց, թե եկամտահարկի համահարթ տարբերակի մասին առաջարկություններ կատարելիս ո՞ր երկրների փորձն են նկատի ունեցել, և արդյոք նայե՞լ են Վրաստանի, Մակեդոնիայի և Սլովակիայի ձախողված փորձն այս առումով:

Փոխնախարար Պողոսյանը նշեց՝ իրենց կարծիքով, եկամտային հարկի համակարգը պետք է լուծի երկու հիմնական խնդիր: «Մեկը վերաբաշխողական գործառույթի իրականացնումն է, որը կարծում եմ, որ մեր երկրում չի իրականացվում: Եվ երկրորդը ֆիսկալն է: Եկամտային հարկը պետք է լինի այնպիսին, որ աշխատավարձի հարկը չծանրաբեռնի ձեռնարկատիրոջը՝ հատկապես արտահանմանը կողմնորոշված ձեռնարկատիրական նախագիծ իրականացնողին»,-նշեց Պողոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե  հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների արդյունքում որքան է գնահատում գնաճային ճնշումը՝ փոխնախարարն ասաց, որ  Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդունման ազդեցությունը գնահատվել է ընդհանուր հավասարակշռության մոդելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: Եվ գնաճային ճնշումներն աննշան են: Նա վստահեցրեց, որ ռիսկեր չկան:

Share