Բաժին. Տնտեսական

Ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ են աշխատաշուկայում տեղի ունենում. ՀՀ վարչապետ

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ որոշման նախագծին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ, որով կսահմանվի դրույթ այն մասին, որ աշխատողի տարիքը չի կարող հանդիսանալ արգելք կամ պատճառ աշխատանքային պայմանագիր չկնքելու համար` բացառությամբ այլ օրենքներով կարգավորվող դեպքերի:
«Նախագծով առաջարկվող կարգավորումը իր բովանդակությամբ չի համապատասխանում Օրենսգրքի 94-րդ հոդվածի բովանդակությանը և այդ հոդվածով ամրագրվող կարգավորումներին: Կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենսգրքի հոդվածը թողնել անփոփոխ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բաթոյանը:

«Ի՞նչ է ստացվում, մեր Սահմանադրության մեջ խտրականությունն արգելող շատ հստակ հոդված կա, բայց մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ խտրականության տարբեր դրսևորումներ աշխատաշուկայում տեղի են ունենում», – ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Share