Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյան. Հայաստանում հունվարին գրանցված 50 հազար աշխատատեղերի 20%-ը նոր ստեղծված են

Հայաստանում 2019-ի հունվարին գրանցված ավելի քան 50 հազար աշխատատեղերի 1/5-րդը նոր ստեղծված աշխատատեղեր են, իսկ մնացածը պարզապես նոր գրանցում ստացածները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին խոսեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«50 հազար աշխատատեղի մասին շատ է խոսվել: Վիճակագրությունը չի կարող տարբերել՝ գրանցված աշխատատեղերն այն աշխատատեղերն են, որոնք նոր են ստեղծվում, թե ինչ-որ ձևով գոյություն ունեին, հիմա դարձել են հաշվետու, ստվերից դուրս ու գրանցված: Մեր գնահատմամբ՝ 50 հազարից 1/5-րդը մասը եղել են նոր աշխատատեղերը, մնացած մասը եղել են նոր գրանցում ստացածները»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե ներդրումների արդյունքում որքան աշխատատեղ է ստեղծվել՝ Խաչատրյանը նշեց, որ իրենք ամեն նոր ստեղծվող աշխատատեղի մասին չէ, որ գիտեն: «Գիտենք միայն այն դեպքում, երբ ծրագիրն իրականացնողը դիմել է մեզ, ասել է տվեք արտոնություններ ու մենք աշխատատեղեր  կավելացնենք, հետո հաշվետվություն է ներկայացրել նախապես խոստացված աշխատատեղի մասին»,-նշեց նա ու հավելեց, որ տեղեկանք կփոխանցեն, թե կառավարության կողմից արտոնություն ստացած ծրագրերի արդյունքում որքան աշխատատեղ է ստեղծվել:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր,որ ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 50 հազար 141 աշխատատեղ ավելի է գրանցվել շուկայում: Նա նաև նշել էր, որ աշխատատեղերի հետ կապված առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Իհարկե, կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր:

Share